Դուրս է բերվել ևս 41 զոհվածի մարմին, որոշ տարածքներում ադրբեջանցիները խոչընդոտում են որոնողական աշխատանքները ․ ԱԻՊԾ
Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից և Ջաբրայիլից դուրս են բերել 41 զինծառայողի մարմին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրուցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Փրկարարական խմբերը սկսել են որոնողական աշխատանքները առավոտյան ժամը 9-ից մինչև ուշ գիշեր։ Երեկ աշխատանքներն ընթացել են երկու ուղղությամբ՝ Հորադիզ և Ջաբրաիլ։ Դուրս է բերվել 41 զոհված զինծառայողի մարմին։ Որոնողական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 13-ից, և մինչեւ օրս դուրս է բերվել 933 աճյուն»,- ասաց Հունան Թադևոսյանը։
Հունան Թադևոսյանը նշեց, որ շատ տարածքներում ադրբեջանցիները չեղարկում են նախօրոք պլանավորված որոնողական աշխատանքները։ Մեկ այլ խոչընդոտ է ցուրտ եղանակը, որը բարդացնում է փրկարարների աշխատանքը։
«Շատ տարածքներում՝ օրինակ Հադրութում, Ջաբրայիլում ադրբեջանցիները խոչընդոտում են որոնողական աշխատանքների կատարումը։ Նրանց հետ բանակցում են «Կարմիր խաչը» և ռուսական խաղաղապահ զորակազմը։ Եղել է դեպք, երբ նախօրոք պայմանավորվածություն է եղել, որ հաջորդ օրը պետք է մտնենք Ջաբրայիլ, սակայն ադրբեջանցիներն առավոտյան չեղարկել են։ Սակայն այնպիսի տարածքներ, որտեղ աշխատանքներ չեն իրականացվել, չկան։ Այս պահին մեծ խնդիր է եղանակը, քանի որ գնալով ցրտում է, օրերը կարճանում են, լինում է դեպք, որ հեռու տեղերում մինչև շատ ուշ գիշեր աշխատում ենք, որպեսզի այդքան անցած ճանապարհը հնարավորինս արդյունավետ լինի»,– ասաց Հունան Թադևոսյանը։
Որոնողական աշխատանքները Շուշիում դադարեցվել են ամսվա սկզբին, սակայն Հունան Թադևոսյանը վստահեցրեց, որ շուտով վերսկսվելու են, քանի որ շատ զինծառայողներ, որոնք եղել են Շուշիում, մինչև օրս չեն գտնվել։
«Մենք ունենք օպերատիվ խումբ, որտեղ հավաքվել են տվյալներ անհետ կորած զինծառայողների մասին և քարտեզագրվել են։ Շուշիում որոնողական աշխատանքները դադարեցվել են ամսվա սկզբին, բայց շուտով վերսկսվելու են, քանի որ հայտնի են անհետ կորած զինծառայողների տվյալներ, որոնք եղել են Շուշիում, սակայն աճյունները դեռ չեն գտնվել»,- նշեց Հունան Թադևոսյանը։
Ըստ Հունան Թադևոսյանի՝ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, իսկ ռուս խաղաղապահները օժանդակում են բանակցային գործընթացներում։
«Ռուս խաղաղապահները որոնողական աշխատանքներին չեն մասնակցում, սակայն նրանք բանակցային և ուղեկցող կողմն են։ Մասնակցում են նաև կամավոր երիտասարդներ, որոնք պատերազմի ընթացքում տվյալ տարածքներում մասնակցել են մարտական գործողությունների»,- հավելեց Հունան Թադևոսյանը։
Հունան Թադևոսյանը ասաց, որ դուրս բերված աճյունների թիվը ամեն օր փոխվելու է, քանի որ այս պահին դրությամբ շարունակվում են որոնողական աշխատանքները Հորադիզում, Ջաբրաիլում և Հադրութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին