Կոռուպցիոն սկանդալ Ադրբեջանում. հնարավոր է հրաժարական տա մշակույթի նախարարը
Ադրբեջանի իրավապահ մարմինները հետաքննում են երկրի մշակույթի նախարարությունում բացահայտված կոռուպցիոն սկանդալը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
«Իրավապահ մարմինները քննում են Մշակույթի նախարարությունում տեղի ունեցածը: Ով մեղավոր է` պատասխանատվության կենթարկվի»,-հայտարարել է Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը:
Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը պետք է հրաժարական տա՝ Նովրուզովն ասել է. «Շատ երկրներում նմանատիպ դեպքերում նախարարը հրաժարական է տալիս, և հետաքննություն է ընթանում: Բայց մենք դրան գնում ենք փուլ առ փուլ: Ինչպես գիտեք, երբ մեզ մոտ ինչ-որ մեկին կոռուպցիայի կամ հանցագործության պատճառով հեռացնում են, այդ մարդը միանում է ընդդիմությանը: Աշխարհում նման բաներն այլ ձևաչափով են լինում»:
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ինքը շատ փաստեր ունի, որ ընդդիմադիր գործիչները նույնպես կաշառք են վերցնում:
«Ազգային խորհրդի անդամները, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին և նրա շրջապատի անձինք արդեն 15 տարի է՝ չեն աշխատում: Ինչպե՞ս է պատահում, որ արդեն 15 տարի չաշխատող մարդկանց ծառայողական մեքենաներն ավելի թանկ են, քան մյուսներինը, և նրանք թիկնապահներ ունեն: Բնականաբար, այդ թիկնապահներին աշխատավարձեր են վճարում, ինչպես նաև սոցցանցերում իրենց աշխատողներին: Որտեղի՞ց այդ փողերը»,-հարցադրել է Նովրուզովը:
Նրա խոսքով՝ համապատասխան կառույցները քննում են այս հարցերը:
«Համապատասխան կառույցներն ընդդիմությանը կոչ են արել հրապարակել, թե որտեղից են ստանում իրենց եկամուտները: Հետո էլ Եվրոպայից և Ամերիկայից հայտարարություններ են գալիս, իբր Ադրբեջանում ճնշումներ են գործադրում ընդդիմության վրա»,-եզրափակել է իր խոսքը Նովրուզովը:
Մայիսի 12-ին Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետաքննության արդյունքում պարզվել է, որ «Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության պետ Զաքիր Սուլթանովը և մշակույթի փոխնախարար Ռաֆիգ Բայրամովը դիտավորյալ չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները, լուրջ վնաս են պատճառել հասարակության և պետության շահերին»: Մայիսի 8-ին դատական կարգով կատարված խուզարկությունների ընթացքում Մշակույթի նախարարության պաշտոնատար անձանց աշխատասենյակներում և բնակարաններում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր նշումներ քաղաքացիներից գումար ստանալու մասին, տարբեր արժույթներով կանխիկ գումար, նյութական ապացույցներ և կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին