Սկսեցի հասկանալ, թե ինչ է նշանակում լինել հայ Թուրքիայում. Արսինե Խանջյանի` «Ակօսին» տված հարցազրույցը
Ստամբուլի անկախ կինոյի 14-րդ միջազգային փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն «Ակօսի» հետ զրուցել է հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի հայերի և Սփյուռքի միջև եղած անդունդի և որպես սփյուռքահայ` Թուրքիա այցելելիս ունեցած զգացողությունների մասին:
«Թուրքիա հինգերորդ անգամ եմ գալիս, Ստամբուլ` երրորդ: Առաջին այցելությունս անակնկալ կերպով ստացվեց, իրականում այստեղ գալու մասին չէի էլ երազում: Թուրքիա երրորդ այցելությունս ամենազգացմունքայինն էր: Հանդիպեցի Ֆեթհիյե Չեթինի հետ (գրող, իրավապաշտպան) և խոսեցինք մեր հայկական ինքնությունների մասին: Սա ինձ համար շատ կարևոր էր, քանի որ առաջին անգամ էի հանդիպում մի «թուրքի», որն իր իսկ կամքով որոշել է քննության ենթարկել իր թրքությունը», - պատմել է Արսինե Խանջյանը:
Կանադահայ դերասանուհին ընդգծել է, որ թուրք երիտասարդությունը հակված չէ ամեն օր իր ազգային ինքնությունը քննելու և ավելին` հաճախ չեն զգում դրա կարիքը:
«Այստեղ հնարավորություն ունեցա շփվելու թուրքերի հետ և հասկացա, թե ինչու է թուրք հասարակությունն այսպես վերաբերվում ցեղասպանության խնդրին: Հասկացա, որ թուրքերը չգիտեն սեփական պատմությունը: Նրանց մատուցվում է ցեղասպանության ժխտման հիման վրա ձևավորված և ընդհատված մի պատմություն: Երբ թուրքերն առերեսվում են Հայոց ցեղասպանությանը`նրանց գլխում ամեն բան խառնվում է: Ես արդեն հասկանում եմ, որ դա շատ բարդ բան է: Դուք մեղադրվում եք մի անցյալի համար, որի մասին ձեզ մեկ այլ բան է պատմվել, և իրականում այդ անցյալի մասին ամենաչնչին տեղեկության անգամ չեք տիրապետում», - նշել է Արսինե Խանջյանը:
Սփյուռքահայ դերասանուհու համար առավել կարևոր էր Թուրքիայի հայերի բացահայտումն ու նրանց հետ ունեցած շփումները: Նա հիշում է, որ տարիներ առաջ կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ «Արարատ» ֆիլմի շուրջ աշխատելու ընթացքում թաքնված սպառնալիքներ են ստացել թուրքական հիմնադրամներից, որոնք հիշեցրել են նրանց «Մի՛ մոռացեք, որ Թուրքիայում հայեր կան: Վստահ չենք, որ կարող ենք նրանց պաշտպանել այսքանից հետո»: Մինչդեռ Արսինե Խանջյանը համոզված է` նրանք ամեն դեպքում գործել են ու նկարահանել ֆիլմը, քանի որ համոզված են եղել, որ անում են մի բան, որն իսկապես անհրաժեշտ է:
«Մեր միջև շատ մեծ անդունդ կա: Ես մեծացել եմ սովորելով, որ պետք չէ Թուրքիայի հայերից շատ բան ակնկալել: Սփյուռքը գիտի, որ Թուրքիայի հայերը վախի մեջ են: Դա այնպիսի վախ է, որի պատճառով նրանք չեն կարողանում անել այն ամենը, ինչ մենք սփյուռքում: Ձեռքերը կապված են, ճնշման տակ են: Սակայն 2013թ.-ին Թուրքիայում ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին մասնակցածս ժամանակ հասկացա մի բան, որի մասին մինչ այդ երբևէ չէի մտածել: Երբ 1915-ին կորցրածների հաշիվն ենք անում, մոռանում ենք հաշվել շատ կարևոր մի բան… Սփյուռքը կորցրել է իր կապը Թուրքիայի հայերի հետ: Չէ՞ որ մենք գիտեինք, որ Թուրքիայում իսլամացված ու իրենց հայ լինելու մասին անգամ չիմացողների կողքին կան հայի ինքնությամբ ապրել շարունակած, «Հայ եմ» ասող մարդիկ: Վերջին այցելությանս ժամանակ հասկացա, թե ինչ է նշանակում լինել հայ Ստամբուլի պես հսկա քաղաքում: Չեմ կարող ասել, որ ամբողջովին հասկացա, բայց ամեն դեպքում` սկսեցի հասկանալ», -նշել է Արսինե Խանջյանը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)