Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են գիշերային զանգվածային հարձակումների և ավերածությունների մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում ավելի քան 600 խոցված անօդաչու թռչող սարքի մասին։ Ըստ գերատեսչության հայտարարության՝ երկուշաբթի ժամը 20:00-ից մինչև երեքշաբթի 8:00-ն ընկած ժամանակահատվածում հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի 15 տարածաշրջանների և Ազովի ծովի ջրատարածքի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 604 ԱԹՍ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը առավոտյան հայտարարել է, որ ժամը 20:30-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի ուղղությամբ թռչելիս խոցվել է 65 անօդաչու։
Ստավրոպոլի երկրամասի իշխանությունները հայտնել են ուկրաինական զանգվածային հարձակման մասին։ Շրջանի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի փոխանցմամբ՝ Նևիննոմիսկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ների ընկած բեկորներից վնասներ են արձանագրվել։ Ըստ օպերատիվ տվյալների՝ տուժածներ չկան։
Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ մարզի երկնքում երեկոյան և գիշերվա ընթացքում խոցվել է 73 ԱԹՍ։ Հարձակման հետևանքով Մոսալսկի օկրուգում վնասվել են դպրոցի շենքը, երկու մասնավոր տուն և մեկ ավտոմեքենա։
Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերն էլ հայտնել են, որ Ռուսաստանը երեքշաբթիին նախորդող գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա հինգ «Իսկանդեր-Մ»/Ս-400 բալիստիկ հրթիռով, «Բանդերոլ»/«Դան-Տ» տեսակի ինը փոքրածավալ հրթիռով և 108 անօդաչու թռչող սարքով։
Խարկովին հասցված հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, փլուզվել է չորս հարկանի բնակելի շենքի մեկ մուտք։ Վերջին տվյալներով՝ ևս 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Կիևի Դարնիցկի շրջանում ԱԹՍ-ի բեկորները վնասել են երկհարկանի մասնավոր բնակելի տուն, ինչի հետևանքով, ըստ քաղաքային ռազմական վարչակազմի, տուժել է մեկ կին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդ երեկոյան հայտնել էր բազմահարկ շենքին հարվածելու և երկու զոհի մասին։
Դնեպրում առավոտյան հարվածների հետևանքով վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ, բազմահարկ շենքեր և ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, վիրավորվել է 64-ամյա մի տղամարդ։
Լվովում տեղական իշխանությունները հայտնել են նաև քաղաքի վրա ռեակտիվ դրոնների միջոցով իրականացված հարձակման մասին։


















































Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում