«Ստեղծվում են արդյունավետ հաղորդակցման մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են զանգվածների մոբիլիզացման, դրանց կառավարման, ինչպես նաև հասարակական գիտակցության մանիպուլյացիայի համար», — գրել է Շոյգուն «Известия»-ի համար իր սյունակում՝ նկարագրելով Արևմուտքի մեթոդները «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելիս։ ՌԴ ԱԽ քարտուղարի խոսքով՝ «լայնորեն օգտագործվում է արտաքին կուրատորներին ենթակա ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով կեղծ տեղեկատվական նետումների տարածումը՝ իշխանությանը վարկաբեկելու նպատակով (առաջին հերթին կոռուպցիայի մեղադրանքների հիման վրա), բնակչության շրջանում անարդարության և տագնապի կեղծ զգացում ձևավորելու համար»։

«Այդպիսի պրակտիկան լայն տարածում է ստացել Հայաստանում 2018 թվականին բողոքի ակցիաներ կազմակերպելիս՝ նախագահ Սերժ Սարգսյանին տապալելու նպատակով, Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության ղեկավարությանը վարկաբեկելու փորձերի ժամանակ, ինչպես նաև 2024 թվականին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և 2026 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին Հունգարիայում ընտրական արշավի ընթացքում», — նշել է Շոյգուն։

Ներքին պատճառներ

Նրա կարծիքով՝ «թիրախային երկրների ղեկավարության դժվարություններն ու սխալները նպաստում են «գունավոր հեղափոխությունների» կազմակերպիչների ծրագրերի իրականացմանը»։ «Այդպիսի պետությունների կայունության և ինքնիշխանության համար լուրջ վտանգ է ներկայացնում հին սոցիալ-տնտեսական խնդիրների սրացումը, որոնք հրահրում են բնակչության կենսամակարդակի անկում, սոցիալական լարվածության աճ, էթնոքոնֆեսիոնալ և ժողովրդագրական անհավասարակշռություններ», — նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

Նրա խոսքով՝ «հասարակական դժգոհության բռնկումների կարող են հանգեցնել առողջապահության, կրթության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում, ինչպես նաև աշխատաշուկայում հնչեղ միջադեպերը»։ «Սա առավել վառ դրսևորվեց 2025 թվականի սեպտեմբերին Մարոկկոյում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ելույթների ժամանակ՝ Ագադիրի հիվանդանոցում ծննդկանի մահից հետո, ինչպես նաև 2025 թվականի սեպտեմբերին Պերուում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ՝ հանցավորության աճի ֆոնին», — օրինակներ է բերել Շոյգուն։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «երկրի ղեկավարության կողմից բնակչության շրջանում հեղինակության կորստին հանգեցնում են նաև քաղաքական համակարգի ոչ թափանցիկությունն ու փակ լինելը, իշխանական կառույցներում կոռուպցիան, դատական և իրավապահ մարմինների անարդյունավետությունը, իշխող էլիտայում ավտորիտար միտումների զարգացումը (ներառյալ կլանայնությունն ու ընտանիքայնությունը)»։ «Այդպիսի բացասական գործընթացներ արձանագրվել են, օրինակ, Հոնկոնգում 2014 թվականի «հովանոցային հեղափոխությունից» առաջ և դրա ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի դեկտեմբերին Բենինում տեղի ունեցած հեղաշրջման ժամանակ», — հիշեցրել է Շոյգուն։

 ՀԿ-ների դերը

 «Միաժամանակ կարևոր է հաշվի առնել, որ թիրախային երկրների կայունության ներքին մարտահրավերների ողջ նշանակությամբ հանդերձ, «գունավոր հեղափոխությունների» գլխավոր կազմակերպիչը արտաքին ուժերն են։ Նրանց կիրառվող գործիքների թվում առանձնահատուկ դեր են խաղում արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունները՝ հիմնադրամներ, վերլուծական կենտրոններ, կամավորական շարժումներ, կրոնական համայնքներ և աղանդներ», — համոզված է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նրա խոսքով՝ ««փափուկ ուժի» այդպիսի կառույցները կազմակերպչական և ֆինանսական առումով կապված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների արտաքին գործերի նախարարությունների ու հատուկ ծառայությունների հետ»։ «Միայն Սերբիայում, — շարունակել է Շոյգուն, — վերջին տասը տարիների ընթացքում դրանց թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 38 հազարի»։

«Օտարերկրյա կուրատորները ՀԿ-ների վրա դնում են ներպետական քաղաքական իրավիճակի մոնիտորինգի և ապակայունացման, իշխանության վրա ճնշման ռազմավարություն մշակելու, այսպես կոչված տեղեկատվական աղմուկ ստեղծելու, բողոքական շարժման մասնակիցների հավաքագրման և պատրաստման, ընդդիմության և արևմտամետ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ փոխգործակցության, ֆինանսական միջոցների կուտակման և բաշխման, ինչպես նաև բողոքի ակցիաների համակարգման խնդիրներ», — արձանագրել է Շոյգուն։

Նրա տվյալներով՝ «ՀԿ-ների ակտիվ դերով յուրաքանչյուր «գունավոր հեղափոխության» համար մշակվում են բնակչության համար գրավիչ տեսողական քարոզչություն և խորհրդանիշների համակարգեր, որոնք ներառում են համընդհանուր նշաններ, ժեստեր և գույներ («թավշյա հեղափոխությունը» Հայաստանում, «Արյունոտ ափ» նշանը և «Պումպայ» կոչը՝ Սերբիայում բողոքի ակցիաների շրջանակում)»։

Շոյգուն ընդգծել է, որ ««գունավոր հեղափոխության» մեկնարկն ուղեկցվում է ՀԿ-ներին, ընդդիմադիր ԶԼՄ-ներին, բլոգերներին, բողոքական շարժման առաջնորդներին արտաքին ֆինանսական և կազմակերպչական աջակցության էական ընդլայնմամբ»։ «Արևմտյան դեսպաններն ու էմիսարները անձամբ ներկա են լինում նրանց ակցիաներին, հանդես են գալիս ոչ թե որպես միջնորդներ, այլ որպես իշխանության հակառակորդների պաշտպաններ», — ճշտել է նա։

ՌԴ ԱԽ քարտուղարը «գունավոր հեղափոխության» սկզբի մարկերներ է անվանել «խոշոր քաղաքներում համակարգված զանգվածային բողոքի ակցիաները, պետության առաջնորդների վրա արտաքին ճնշման աճը՝ ընդդիմությանը զիջումներ անելու և լիազորությունները վայր դնելու պահանջներով»։ «Իշխանության վրա տեղեկատվական ճնշումը արմատականացվում է, ուղղվում է դրա ապամարդկայնացմանն ու դիվականացմանը՝ իշխող ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը բարոյապես արդարացնելու համար։ Տարածվում են դրա փոփոխության ուղղակի կոչեր», — թվարկել է Շոյգուն։ Նա պարզաբանել է, որ «հակակառավարական ելույթների էսկալացիայի համար դրանց պատվիրատուները որպես տրիգեր ընտրում են հնչեղ իրադարձություններ, հաճախ՝ ողբերգական բնույթի, և առավել հաճախ դրանք կապվում են ընտրությունների արդյունքների հետ»։

««Փողոցը» նախանշված ծրագրի հունում պահելու համար «գունավոր հեղափոխությունների» կազմակերպիչները լայնորեն օգտագործում են բողոքի ակցիաների մասնակիցների վրա հոգեբանական ազդեցության մեթոդներ։ Նրանք չեն խորշում նաև իրադարձությունների կեղծումից, ներառյալ բեմադրված դրվագների կազմակերպումը, որոնք այնուհետև արևմտյան ԶԼՄ-ների կողմից ներկայացվում են որպես գործող ռեժիմից ազատվելու ժողովրդի ցանկության դրսևորում։ Այդպիսի թատրոնի վառ օրինակ էր 2014 թվականի ուկրաինական Եվրամայդանը», — նշել է Շոյգուն։

Նրա կարծիքով՝ «ակտիվ փուլի մեկնարկի մարկերը, որը թույլ է տալիս տարբերակել տվյալ իրադարձությունը սոցիալական բողոքներից (դասական հեղափոխություններից), թիրախային երկրի նկատմամբ համակարգված քաղաքական-դիվանագիտական (շանտաժ, սպառնալիքներ) և ֆինանսատնտեսական (պատժամիջոցներ, էմբարգո, բլոկադա) ճնշման ուժեղացումն է»։ «Կտրուկ աճում է տեղեկատվական-քարոզչական և ապատեղեկատվական արշավների ինտենսիվությունը, որոնցում անմիջականորեն ներգրավվում են արտասահմանյան առաջատար քաղաքական գործիչներն ու շահառու պետությունների առաջին դեմքերը», — նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը։