Դանի Կարվախալի հեռանալուց հետո «Ռեալը» ակտիվորեն նոր աջ պաշտպան է փնտրում
Մադրիդի «Ռեալը» թիմի ավագ Դանի Կարվախալի հեռանալուց հետո ակտիվորեն նոր աջ պաշտպան է փնտրում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Հայտնի ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X-ի իր էջում հրապարակել է այն երեք ֆուտբոլիստների անունները, որոնց դիտարկում է «արքայական ակումբը»։
Ըստ աղբյուրի՝ մադրիդցիների գլխավոր թիրախներն են Միլանի «Ինտերի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Դենզել Դումֆրիսը, ինչպես նաև Լոնդոնի «Տոտենհեմի» ու Իսպանիայի հավաքականի խաղացող Պեդրո Պորոն։ Որպես պահեստային տարբերակ դիտարկվում է Լիսաբոնի «Սպորտինգի» իսպանացի լատերալ Իվան Ֆրեսնեդան, որի խաղին հետևելու համար արդեն սկաուտներ են ուղարկվել։
Դիտարկվող թեկնածուներից 30-ամյա Դենզել Դումֆրիսն ավարտված մրցաշրջանում Իտալիայի Ա Սերիայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո։ 26-ամյա Պեդրո Պորոն Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 34 խաղի՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ և 2 ասիստ, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է ամենաբարձրը՝ 40 մլն եվրո։ Ինչ վերաբերում է իսպանացի հեռանկարային պաշտպան Իվան Ֆրեսնեդային, ապա նրա տրանսֆերային շուկայական արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։
Նշվում է, որ և՛ Դումֆրիսը, և՛ Պորոն ընդգրկվել են իրենց ազգային հավաքականների վերջնական հայտացուցակներում՝ մասնակցելու հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Նիդերլանդների հավաքականը F խմբում կմրցի Ճապոնիայի, Շվեդիայի և Թունիսի հետ, իսկ Իսպանիան H խմբում ուժերը կչափի Կաբո-Վերդեի, Սաուդյան Արաբիայի և Ուրուգվայի հավաքականների հետ։
Հիշեցնենք, որ «Ռեալի» սան Դանի Կարվախալը, որը հիմնական թիմում անընդմեջ հանդես էր գալիս 2013 թվականից, մայիսին պաշտոնապես հայտարարեց ակումբից հեռանալու մասին։ Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել էր 22 հանդիպման։ Ընդհանուր առմամբ, Կարվախալը մադրիդյան թիմի մարզաշապիկով անցկացրել է 451 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 66 գոլային փոխանցման հեղինակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը