Հաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասին
Իտալիայի իշխանություններն ու եկեղեցու ներկայացուցիչները հետաքննություն են սկսել այն հայտարարություններից հետո, թե եկեղեցական որմնանկարի վերջերս իրականացված վերականգնումից հետո հրեշտակի դեմքը սկսել է նմանվել երկրի վարչապետ Ջորջա Մելոնիին։ Իտալիայի մշակույթի նախարարությունը մասնագետներ է ուղարկել Հռոմի կենտրոնում գտնվող Սան-Լորենցո-ին-Լուչինա բազիլիկ եկեղեցու մատուռում գտնվող որմնանկարն ուսումնասիրելու համար, հայտնում է BBC-ին։
Նկարիչ Բրունո Վալենտինետին հայտարարել է, որ պարզապես վերականգնել է 2000 թվականին իր իսկ ստեղծած որմնանկարը եւ չի փորձել հրեշտակին նմանեցնել վարչապետին։ Ի պատասխան՝ Ջորջա Մելոնին կատակով Instagram-ում գրել է, որ ինքը «հաստատ հրեշտակ չէ», եւ մեկնաբանությունն ուղեկցել է սմայլիկով։
Անսպասելի նմանության վրա առաջինը շաբաթ օրը ուշադրություն է հրավիրել La Repubblica թերթը՝ հրապարակելով որմնանկարի՝ վերականգնումից առաջ եւ հետո արված լուսանկարները։ Պարբերականը նշել է, որ Իտալիայի քարտեզը ձեռքում պահող հրեշտակը նախկինում նման էր «սովորական քերովբեի»։
Եկեղեցու հովիվ մոնսենյոր Դանիելե Միքելետտին «չի հասկանում, թե ինչու է այսքան աղմուկ բարձրացել»՝ շեշտելով՝ նկարները պարզապես վերականգնվել են ջրից վնասվելուց հետո։ «Վերականգնված դեմքը հենց այն է, ինչ նկարել էի 25 տարի առաջ»,- ասել է որմնանկարի 83-ամյա հեղինակը։ -Ո՞վ է ասում, թե այն նման է Մելոնիին»։
Ընդդիմությունն անմիջապես պահանջել է ստուգում անցկացնել՝ իրավիճակը որակելով անընդունելի։ «Քերովբեի դեմքի փոփոխությունը եղել է նկարչի նախաձեռնությունը եւ չի համաձայնեցվել իրավասու մարմինների հետ»,- հայտարարել է կաթոլիկ եկեղեցու Հռոմի թեմը, որը հրապարակել է Ansa գործակալությունը։
Ավելի ուշ՝ թեմը հայտնել է, որ Հռոմի թեմի առաջնորդական փոխանորդ կարդինալ Բալդասսարե Ռեյնան հրամայել է անմիջապես հետաքննություն սկսել՝ «ներգրավված անձանց հնարավոր պատասխանատվությունը պարզելու համար»։ Հայտարարության մեջ նշվում է, որ կարդինալը «հիասթափություն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ», ինչպես նա վճռական է անպատեհ օգտագործումից պաշտպանել եկեղեցու գեղարվեստական եւ հոգեւոր ժառանգությունը։
Ռադիոլուր


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար