Բաքուն խախտել է միջազգային պարտավորությունները. Եվրախորհրդարան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հանդեպ իր միջազգային պարտավորությունների «աղաղակող խախտման» մասին են հայտարարել ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության եւ ԵՄ-Վրաստան ասոցիացիայի խորհրդարանական կոմիտեները։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետ կապված՝ երեքշաբթի, ապրիլի 25-ին, լուրջ մտահոգություն են արտահայտել Եվրախորհրդարանում։ Այս քայլը հղի է բացասական հետեւանքներով եւ կարող է դիտարկվել որպես «2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ակնհայտ խախտում» եւ որպես «ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ի պարտադիր ուժ ունեցող որոշումը չհարգելու ակտ», ասված է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի գծով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի եւ Ադրբեջանի գծով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյան Զովկոյի համատեղ հայտարարությունում։
Դատարանի որոշումը Ադրբեջանին պարտավորեցնում է «իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով անձանց եւ բեռների՝ երկու ուղղությամբ անխոչընդոտ տեղաշարժը», նշել են եվրապատգամավորները։
Նրանք հիշեցրել են, որ ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022թ. դեկտեմբերի 12-ից, ինչը հումանիտար դժվարություններ է ստեղծում Արցախի բնակչության համար եւ խափանում խաղաղության հեռանկարները։ «Մենք Բաքվին կոչ ենք անում անհապաղ փոխել ուղեգիծը եւ պարտավորություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ միջազգային պարտավորություններին եւ նորմերին հետեւելու վերաբերյալ։ ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է օգնել կողմերին բանակցությունների միջոցով բոլոր տարաձայնությունները կարգավորելու հարցում»,- ասված է փաստաթղթում։
Եվրախորհրդարանականներն ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին։ «Մենք հարգում ենք ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը եւ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ զգոնություն պահպանել սադրիչ հռետորաբանության եւ գործողությունների բոլոր դեպքերի հետ կապված, որոնք ատելություն են հրահրում եւ խանգարում հաշտեցմանը»,- ամփոփել են հայտարարության հեղինակները։
Լաչինի միջանցքը շրջափակվել է 2022թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանական դրոշներով մարդկանց կողմից, որոնք հավաստիացնում էին, որ բնապահպան-ակտիվիստներ են։ Բաքուն արգելել է օգտագործել Արցախի օդանավակայանը տարածաշրջան մարդասիրական բեռներ հասցնելու համար։ Միջազգային եւ մարդասիրական շատ կազմակերպություններ անհաջող փորձել են կարգավորել իրավիճակը։ ՄԱԿ դատարանի նախագահը նշել է, որ շրջափակումը հանգեցրել է պարենի, դեղամիջոցների եւ կենսականորեն անհրաժեշտ այլ ապրանքների անբավարարության։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները