«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում». միասնության հանրահավաքի անունից հայտարարություն ընդունվեց
Երեւանում տեղի ունեցած միասնության հանրահավաքը ընդունեց հայտարարություն, որն ընթերցեց արցախյան շարժման ակունքներում կանգնած Արցախի ՊԲ գնդապետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
Հայտարարությունում ասվում է.
«Մենք ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այս գաղափարն է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում, եւ մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով:
Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը, սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը, մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության, փչացնում մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ, բերում է նոր պատերազմ, կորուստներ եւ կապիտուլյացիա:
Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արեւմուտք բախման կիզակետում: Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է եւ անընդունելի: Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի:
«Զանգեզուրի միջանցքը» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որեւէ իրավական հիմք: Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները, վերադարձնի հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:
Թուրքիան չպետք է Հայաստանի հետ խոսի վերջնագրերի լեզվով: Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ, Սփյուռք եռամիասնությունը:
Համաձայն Հայաստանի գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
Մենք արձանագրում ենք՝ ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային եւ ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր: Հայաստանի օրվա իշխանությունն ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները եւ կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների: Այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ դրա սպառնալիքի պայմաններում:
Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Սահմանադրության ներպետական օրինական ընթացակարգերի եւ միջազգային իրավունքի նորմերի խախտումով Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր, թե բանավոր հայտարարությունները, խոստումները, համաձայնությունները չունեն որեւէ իրավական ուժ եւ անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առոչինչ:
Մեր համոզմամբ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով: Կոչ ենք անում ՀՀ եւ Արցախի քաղաքացիներին հայ ժողովրդին, չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի»:
Հանրահավաքն ավարտվեց համերգով:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...