ՍԴ-ն իմ կասեցրել է պետական 3 ԲՈՒՀ-երի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը
Սահմանադրական դատարանն իմ դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։
Կառավարության վիճարկվող որոշմամբ երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների թվակազմը սահմանվել է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 20 անդամ՝ հետևյալ համամասնությամբ՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։ Այս կարգավորումներով ստացվում է, որ նշված երեք բուհերում Հայաստանի Հանրապետության վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը: Ստացվում է, որ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու:
Կարևոր արձանագրում է, որ Կառավարությունը նման փոփոխություններ նախաձեռնել էր այն դեպքում, երբ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկման առարկա է, իսկ այդ օրենքի խնդրո առարկա դրույթների սահմանադրականության վիճարկման պայմաններում նույն հարցը թիրախավորող և առավել անբարենպաստ լուծումներ պարունակող կարգավորումների ամրագրումը Կառավարության որոշմամբ խնդրահարույց է և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային առումներով:
Հատուկ արձանագրում եմ, որ դիմումով վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել: Վիճարկվող կարգավորումներն ընդունվել են դեռևս հանրային քննարկումների ժամկետը չավարտած՝ շրջանցելով դրանց քննարկման և ընդունման ընթացակարգերը:
Բացի այդ, թե՛ հանրային քննարկման դրված նախագիծը, թե՛ վիճարկվող կարգավորումները չեն ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի:
Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ և գործի ելքը չի որոշում, բայց վերաբերում է միայն որոշման գործողության կասեցմանը: Մասնավորապես, Բարձր դատարանը 2021 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-121 որոշմամբ կասեցրել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա հուլիսի 27-ին:
Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...