Ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւը կորոշեն ֆակուլտետները. ԵՊՀ դեկանները հանդիպել են Գեղամ Գեւորգյանին
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի եւ ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւի եւ լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հրավիրված հանդիպման առաջին մասում տեղի է ունեցել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հետմահու պետական պարգեւով պարգեւատրման արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Պարգեւատրման արարողության ավարտից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գեւորգյանը հայտնեց, որ հանդիպման օրակարգում ներառված է երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը:
Նա տեղեկացրեց, որ նախարարությունից երեկ ստացվել է գրություն, ըստ որի՝ երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացն անհրաժեշտ է կազմակերպել առկա ուսուցմամբ: Նշված է նաեւ, որ ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար:
Բացի դրանից՝ ասվում է, որ պետք է խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները եւ անհրաժեշտ անվտանգության երաշխիքները: Բարձրաձայնված հարցերին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց, որ գրությունն ուղարկվել է՝ ելնելով կանոնակարգային նորմերից, բայց համալսարաններն ազատ են՝ հարցը որոշելու բուհական ինքնավարության շրջանակում:
Այնուհետեւ՝ նախարարի հեռանալուց հետո, Գեղամ Գեւորգյանն առաջարկեց առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ հրապարակված հրամանը համարել ուժի մեջ, ըստ որի՝ ուսումնական գործընթացը կարող է կազմակերպվել առկա եւ հեռավար ձեւերի համադրությամբ:
Գեղամ Գեւորգյանը չբացառեց, որ օրինակ մեկ ամիս անց կարող է որոշվել ուսումնական գործընթացն ամբողջովին իրականացնել առկա ձեւով:
Հիշեցնենք, որ հրապարակված հրամանի համաձայն՝ յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը երկու օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Բացի դրանից՝ սահմանվում է, որ մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը:
Նիստի ընթացքում հնչեցին տարբեր մեկնաբանություններ եւ առաջարկներ: ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ ներկայացրեց կառույցի կողմից անցկացված առցանց հարցման արդյունքները, որին մասնակցել է 3800 ուսանող: Ըստ պատասխանների՝ նրանցից 58 տոկոսը կողմ է եղել, որ դասերն անցկացվեն առկա ձեւով:
Գեղամ Գեւորգյանը հայտնեց, որ կան ֆակուլտետներ, որոնք ցանկանում են դասերն ամբողջովին իրականացնել հեռավար, ֆակուլտետներ էլ կան, որ գործնական պարապմունքները ցանկանում են անցկացնել առկա, իսկ հոսքային դասախոսությունները՝ հեռավար: Ըստ այդմ՝ որոշվեց, որ ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւը կորոշեն ֆակուլտետներում:
Հանդիպման օրակարգային մյուս հարցով քննարկվեց պատերազմում զոհված ուսանողների անունով լսարաններ անվանակոչելու հարցը: Գեղամ Գեւորգյանը նշեց, որ պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, համալսարանից եղել է 55 զոհ, չճշտված, քանի որ կան անհետ կորածներ: Գեղամ Գեւորգյանը չբացառեց, որ զոհված ժամկետային զինծառայողների շարքում եւս կլինեն համալսարանականներ, որոնց վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվություն չկա:
Նա նշեց, որ կան տարբեր առաջարկություններ՝ լսարաններ անվանափոխելու վերաբերյալ, եւ առաջարկեց որոշ ժամանակ սպասել: Գեղամ Գեւորգյանն ասաց, որ 3 ամսից կարելի է մրցույթ հայտարարել, զոհված զինվորների հիշատակին նվիրված քանդակ պատվիրել, որը կտեղադրվի համալսարանի հարակից տարածքում նախատեսվող ճեմուղում: Նա այս ընթացքում մտածելու եւ առաջարկություններով հանդես գալու կոչ արեց դեկաններին:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ