«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն
Հետևյալ հայտարարության տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը, որը հրապարակված է ստորև, նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։
Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար: ԹՐԻՓՓ-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ:
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ
Այս փաստաթուղթն ուրվագծում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։
Ընդհանուր նկարագիր
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին Համատեղ հռչակագիրը, որը հիմք ստեղծեց ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար։ ԹՐԻՓՓ-ի իրականացման այս շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի հիմնադրման հետագա մանրամասները և առաջ է մղում Համատեղ հռչակագրի նպատակները։
ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղում՝ ակնկալվում է, որ այն միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
ԹՐԻՓՓ-ի միջոցով ԱՄՆ-ն ձգտում է.
- օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի հիման վրա ապահովել առաջընթաց դեպի տևական խաղաղություն,
- տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու նպատակով բացել հաղորդակցությունը, առևտուրը և փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում,
- ընդլայնել շուկայի հասանելիությունը և մատակարարման կենսական շղթաները Տրանս-Կասպյան տարածաշրջանում,
- աշխարհին ներկայացնել բարգավաճման միջոցով կառուցվող խաղաղության օրինակ։
ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանը ձգտում է.
- ընդլայնել Հայաստանի դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց,
- ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում,
- ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման և առևտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ,
- ստեղծել կայուն եկամտային հոսքեր և գնման իրավունքներ Հայաստանի համար,
- ամրապնդել ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ հետ,
- նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու կարգավորմանը,
- ընդլայնել Հայաստանի արտահանման ներուժը դեպի նոր շուկաներ։
ԹՐԻՓՓԻ-ի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտներն են.
- նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար,
- տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևորագույն հանքանյութեր և հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ,
- ԱՄՆ, Եվրոպայի և Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիների տարբերակներ՝ ապահովելով, որ մարդիկ և ապրանքները կարողանան տեղաշարժվել՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։
ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի ակնկալվող օգուտներն են.
- զբաղվածություն. աշխատանքի հնարավորություններ Հայաստանի որակավորված քաղաքացիների համար,
- համատեղ ձեռնարկներ. հնարավորություններ միջազգային և hայաստանյան ընկերությունների միջև,
- տեխնոլոգիայի փոխանցում. կարողությունների զարգացում hայաստանյան ընկերությունների համար,
- վերապատրաստում. հմտությունների զարգացում հայաստանյան աշխատուժի համար,
- Վերաներդրում տարածաշրջանում։
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի հանձնառությունը
Հայաստանը հանձնառու է ԹՐԻՓՓ-ի՝ որպես իր ազգային շահերին ծառայող ռազմավարական նախաձեռնության հաջողելուն։ Հայաստանը մտադիր է իրականացնել հետևյալ քայլերը.
- դրսևորել լիակատար համագործակցություն և աջակցություն ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը,
- ապահովել արդյունավետ համակարգում Հայաստանի կառավարական մարմինների միջև,
- դյուրացնել թույլտվությունների, հաստատումների և կարգավորիչ գործընթացների ժամանակին իրականացումը,
- պահպանել բաց հաղորդակցություն ԱՄՆ գործընկերների հետ,
- աշխատել տարածաշրջանային կարգավորման ուղղությամբ՝ ԹՐԻՓՓ-ի ամբողջական ներուժն իրացնելու նպատակով,
- մշակել տարբերակված ընթացակարգեր մարդկանց, մեքենաների և ապրանքների համար, ներառյալ Ադրբեջանի և իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղությամբ՝ Հայաստանի օրենքների, կարգավորումների և միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։
Հաջողության հասնելու նախադրյալներ
Հայաստանն ու ԱՄՆ-ն ընդունում են, որ ԹՐԻՓՓ-ի հաջողությունը կախված է.
- Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից,
- Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից,
- ԱՄՆ կայուն ներգրավվածությունից,
- տարածաշրջանային համագործակցությունից և կայունությունից,
- Հայաստանի ինստիտուտների կարողությունների արդյունավետ զարգացումից։
Ռազմավարական գործընկերություն
ԹՐԻՓՓ-ը Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության խորացման դրսևորում է։ Հայաստանն այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք։
ԹՐԻՓՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄ
ԹՐԻՓՓ-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ։ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը` ԱՄՆ վերահսկիչ բաժենմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։
Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։
Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը։
Հայաստանը և ԱՄՆ նախատեսում են միասին աշխատել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքը ձևավորելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ կառուցվածքը կարտացոլի հետևյալ խնդիրները. 1) Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների ներգրավածություն բազմամոդալ տարանցիկ երթուղու շահագործմանը վերաբերող առանձին հատուկ որոշումներում և հարցերում, և 2) ֆինանսական եկամուտ ԱՄՆ-ին՝ իր նախնական ներդրման դիմաց, կամ այլ տնտեսական օգուտներ ԱՄՆ կառավարությանը կամ ԱՄՆ ընկերություններին։
Նախատեսվում է, որ հստակեցված սկզբունքային հարցերի շրջանակներում գտնվող որոշակի զգայուն խնդիրների վերաբերյալ որոշումները կկայացվեն համատեղ՝ Հայաստան-ԱՄՆ ղեկավար կոմիտեի միջոցով։
Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունն անմիջականորեն կիրականացնի ԹՐԻՓՓ երկաթգծային ու ճանապարհային նախագծերը և կունենա դուստր ձեռնարկություններ կամ հատուկ նշանակության կազմակերպություններ ԹՐԻՓՓ-ի այլ բաղադրիչների համար։
ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում Հայաստանի մասնաբաժինն արտացոլում է նրա ներդրումը հետևյալում՝
- հողօգտագործման (կառուցապատման) իրավունքներ տարանցիկ երթուղիների շրջանակներում,
- գոյություն ունեցող ենթակառուցվածքային ակտիվներ (ենթակա է հետագա քննարկման),
- կարգավորիչ աջակցություն և թույլտվությունների արագ ընթացակարգեր,
- սահմանային և մաքսային ենթակառուցվածքների հետ կապված ոչ դրամական ներդրումներ,
- կանխիկ ներդրումներ՝ ըստ անհրաժեշտության։
Երկրներից յուրաքանչյուրը մտադիր է նշանակել բարձրաստիճան պետական պաշտոնյայի՝ որպես ԹՐԻՓՓ-ի իրականացման հիմնական համակարգող, որը պատասխանատու կլինի միջգերատեսչական համակարգման համար և կծառայի որպես ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ կապի հիմնական անձ։
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Հայաստանը մտադիր է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը տրամադրել հետևյալ բացառիկ իրավունքները.
- պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում,
- ստեղծել հատուկ նշանակության կազմակերպություններ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի համար,
- պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների և ծառայություն մատուցողների հետ,
- ստեղծել և գանձել եկամուտներ ենթակառուցվածքային գործողություններից,
- կառավարել ԹՐԻՓՓ երթուղին՝ որպես ինտեգրված համակարգի մաս։
Կառուցապատման իրավունքները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալով.
- երկաթուղային ենթակառուցվածքներ՝ երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի կառույցներ,
- ճանապարհային ենթակառուցվածքներ՝ մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ,
- էներգետիկ ենթակառուցվածքներ՝ էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ,
- թվային ենթակառուցվածքներ՝ օպտիկամանրաթելային ցանցեր,
- աջակցող ենթակառուցվածքներ՝ վարչական կառույցներ, կոմունալ ծառայություններ, ապահովության և անվտանգության համակարգեր՝ համաձայն ՀՀ օրենսդրության։
ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կարող է հավաքել և պահպանել եկամուտներ տարբեր աղբյուրներից, որոնք կներառեն, բայց չեն սահմանափակվի հետևյալով.
- ենթակառուցվածքների հասանելիության վճարներ,
- տարանցիկ երթուղու շրջանակներում առևտրային գործունեություն,
- գույքի վարձակալություն և զարգացում,
- ծառայության վճարներ,
- հատուկ նշանակության կազմակերպություններից ստացված եկամտի բաժիններ։
Հայաստանը հստակորեն պահպանում է.
- օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,
- ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
- ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը,
- հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը,
- Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը,
- Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը, ԹՐԻՓՓ երկաթուղային և ճանապարհային բաղադրիչներն անմիջականորեն իրականացնելուն զուգահեռ, կստեղծի առանձին իրավական կառուցվածքներ մեծ ենթակառուցվածքային բաղադրիչների համար՝ կախված լրացուցիչ ուսումնասիրությունից և վերլուծությունից: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն կունենա կառավարման, ֆինանսավորման և շահագործման մոդելներ, որոնք կհամապատասխանեն կոնկրետ ենթակառուցվածքի տեսակին և ռազմավարական նկատառումներին: Բոլոր հատուկ նշանակության կազմակերպությունները սկզբում պետք է հիմնադրվեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կողմից՝ այն ընկալմամբ, որ մասնավոր հատվածի ներդրումային հնարավորությունները կարող են քննարկվել հետագա փուլերում՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին:
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հիմնարար սկզբունքներ
Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) գործառնական մոդելը։
Սահմանների համալիր կառավարում
Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել և ներդնել սահմանների համալիր կառավարման ժամանակակից գործելակերպեր, ինչին ԱՄՆ-ն կարող է աջակցել տեխնիկական օժանդակությամբ՝ ներառյալ.
- ռիսկերի վրա հիմնված ստուգման և մաքսային ձևակերպման ընթացակարգեր,
- զննման ժամանակակից տեխնոլոգիաներ,
- թվային մաքսային և սահմանային համակարգեր,
- համակարգված միջգերատեսչական գործընթացներ,
- Հայաստանի ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացում։
Փորձնական նախագծեր
Հայաստանը մտադիր է իրականացնել փորձնական նախագծեր օպտիմալացնելու՝
- մաքսային նախնական ձևակերպման ընթացակարգեր,
- թվայնացված փաստաթղթաշրջանառություն և մշակում,
- «մեկ կանգառ» սահմանային կետի հայեցակարգեր,
- տեխնոլոգիայի կիրառմամբ ռիսկերի գնահատում,
- հարևան երկրների հետ համակարգված սահմանային կառավարում։
«Ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» գործառնական մոդել
Ակնկալվում է, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության պահպանմամբ ԹՐԻՓՓ-ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կկիրառվի «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» մոդելը՝ օգտագործելով թվային գործիքներ անխոչընդոտ կապը դյուրացնելու համար։
«Ֆրոնտ օֆիս» (երրորդ կողմի օպերատորներ)
Նախատեսվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ներքոնշյալ ծառայությունները.
- փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար,
- տեղեկատվության և ուղեցույցի տրամադրում օգտվողների համար,
- առևտրի և տարանցման վճարների հավաքագրում և վճարումների մշակում: ՀՀ հարկերը, մաքսային տուրքերը և այլ պարտադիր վճարները պետք է ուղղակիորեն գանձվեն ՀՀ պետական բյուջե՝ համաձայն գործող օրենսդրության և հարկաբյուջետային ընթացակարգերի,
- դյուրացում և համակարգում,
- վարչական աջակցություն։
«Բեք օֆիս» (ՀՀ պետական մարմիններ)
ՀՀ մաքսային և սահմանային պաշտոնյաներն իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները՝ համաձայն ՀՀ ներքին օրենսդրության և միջազգային համաձայնագրերի.
- մաքսային վերջնական որոշումներ և ձևակերպումներ,
- անվտանգության ստուգում և իրականացում,
- միգրացիոն վերահսկողություն,
- իրավապահ գործողություններ,
- թույլտվություններ և հաստատումներ,
- զննում և ստուգում։
Հստակ իրավազորություն
- «Ֆրոնտ օֆիսի» օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում,
- Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի սահմանային և մաքսային բոլոր հաստատություններում,
- ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։
Մաքսային ընթացակարգեր
Հայաստանը կշարունակի զարգացնել և ներդնել.
- ռիսկի վրա հիմնված ընտրողականություն՝ բեռների ժամանակակից ստուգում՝ կենտրոնացված ֆիզիկական զննումներով,
- տարանցիկ ռեժիմ՝ համապատասխան կնքմամբ և հետագծելիությամբ արդյունավետ ընթացակարգեր տարանցիկ ապրանքների համար,
- նախնական ժամանման մշակում՝ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացում և մշակում,
- «մեկ պատուհանի» համակարգեր՝ առևտրային փաստաթղթերի ինտեգրված հարթակներ,
- ներդաշնակեցված ընթացակարգեր՝ համապատասխանեցում միջազգային մաքսային չափանիշներին։
Անվտանգության գործողություններ
- Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։
- Ենթակառուցվածքային անվտանգության նախագծերը պետք է հաստատվեն Հայաստանի անվտանգության մարմինների կողմից։
- Հայաստանի իշխանությունները գերակայություն ունեն բոլոր արտակարգ իրավիճակներում։
- Մասնավոր գործառնական անվտանգության աշխատակիցները կարող են ընդունվել աշխատանքի՝ Հայաստանի կողմից լիցենզավորման դեպքում։
Տվյալների համակարգեր և ինքնիշխանություն
- Սահմանային և մաքսային կառավարման համար կտեղադրվեն ժամանակակից տեղեկատվական համակարգեր։
- Բոլոր կառավարական տվյալների համակարգերը կմնան Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո։
- Տվյալների փոխանակումն օտարերկրյա մարմինների հետ պահանջում է համապատասխան իրավական շրջանակներ։
- Կիբերանվտանգության չափանիշները կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին։
- Անձնական տվյալների մշակումը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը։
Վերապատրաստում և կարողությունների զարգացում
Միացյալ Նահանգները մտադիր է համապատասխան միջոցների առկայության դեպքում նպաստել Հայաստանի սահմանապահ և մաքսային անձնակազմի համապարփակ վերապատրաստմանը և կարողությունների զարգացմանը՝ ներառյալ.
- ժամանակակից մաքսային տեխնիկա և ընթացակարգեր,
- տեխնոլոգիական համակարգերի շահագործում,
- ռիսկերի գնահատում և տեղեկությունների վերլուծություն,
- մասնագիտական բարեվարքություն և էթիկա,
- միջազգային փոխանակման ծրագրեր։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Հայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ AP