Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Daily Express-ին
Անգլիական Daily Express օրաթերթի լրագրող Հարի Տալբոթն զրուցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ՝ հետքրքրվելով, թե ինչ կարծիք ունի իսպանացի մասնագետ Ունայ Էմերիին Լոնդոնի «Արսենալի» նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
«Մենք դեռեւս ժամանակ չենք ունեցել իրար հետ զրուցելու համար: Կարծում են նա տակտիկական նոր մտահղացումներ կբերի եւ նոր ոգի կհաղորդի թիմին: Նրա մասին դեռեւս չեմ խոսել խաղընկերներիս հետ: Թիմում բոլորն էլ պրոֆեսիոնալ են եւ գիտեն, թե ինչ է իրենցից պահանջվում, եւ ինչ է հարկավոր անել», – ասել է մեր ֆուտբոլիստը:
Խոսելով «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հեռանալու մասին, Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ շատ դժվար էր նրանից բաժանվելու պահը:
«Այդքան էլ հեշտ չէր համակերպվել այն մտքի հետ, որ թիմից հեռանում է մի մարդ, որը 22 տարի հավատարմորեն ծառայել է ակումբին: Դժվար է պատկերացնել, թե նա ինչպիսի ջերմ մթնոլորտ էր ստեղծել թիմում: Եթե նա որոշում ընդուներ եւս 10 տարի մնալ թիմում, ապա ոչ մեկ դեմ չէր լինի», – խոստովանել է Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարծում է, որ «Արսենալը» նոր մարզչի գլխավորությամբ պետք է ձգտի վերադառնալ եվրոպական ֆուտբոլի էլիտա:
«Անցած մրցաշրջանում մեր գլխավոր նպատակը չեմպիոնների լիգայում հայտնվելն էր, սակայն դա մեզ չհաջողվեց, չնայած մեծ ցանկություն ունեինք եւ պայքարում էինք դրա համար: Ֆուտբոլում ամեն ինչ էլ լինում, ուստի գալիք մրցաշրջանում պետք է կենտրոնանանք հենց այդ խնդրի վրա եւ փորձենք վերադառնալ չեմպիոնների լիգա», – եզրակացրել է հայազգի ֆոտբոլիստը: