Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է, որ Թեհրանը ցանկանում է միջուկային զենք ունենալ՝ միաժամանակ պնդելով, որ Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրանի նախագահը նշել է Fox News-ի «Հատուկ ռեպորտաժ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցի ժամանակ։ «Բացարձակապես՝ ոչ։ Մեր նահատակված և հարգարժան գերագույն առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ կրոնական օրենքի համաձայն՝ դա սխալ է։ Դա անօրինական է», - ասել է նա միջուկային զենքի թեմայի շուրջ։
Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը պատրաստ կլինի նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը և արտաքին ստուգում թույլատրել՝ որպես միջուկային հարցի շուրջ լարվածությունը մեղմելու ջանքերի մի մաս։ «Այսպիսով, այդ զենքը զանգվածային ոչնչացման զենք է։ Մենք ասացինք, որ պատրաստ ենք այն (խմբ.՝ հարստացումը) թուլացնել։ Դա մեծ խնդիր չէ։ Մենք պատրաստ ենք ենթարկվել ստուգման», - ընդգծել է նա։
Փեզեշքիանը նաև մատնանշել է հունիսին իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ստորագրված, սակայն չիրագործված փոխըմբռնման հուշագիրը, որը նպատակ ուներ դադարեցնելու ռազմական գործողությունները և հիմք ստեղծելու ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի լայն համաձայնագրի համար։ «Այդ համաձայնագիրը ստորագրվել է, և դրա հիման վրա մենք պատրաստ ենք ու դեռևս ցանկանում ենք առաջ շարժվել», - նշել է Փեզեշքիանը։ «Եվ շրջանակային պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մենք չէինք փակել Հորմուզի նեղուցը. այն բաց էր՝ առանց որևէ իրավական հիմնավորման կամ կարգավորող շրջանակի», - ասել է նա։
Նա մեղադրել է Վաշինգտոնին Մերձավոր Արևելքում գրեթե յոթ ամիս տևած պատերազմի, ինչպես նաև դիվանագիտությունը խոչընդոտելու համար։ «Խնդիրն այն է, որ Ամերիկան, երկխոսություն վարելու փոխարեն, գործի է անցնում՝ նախ ռմբակոծելով մեզ և փակելով բոլոր ուղիները։ Մենք պատրաստ ենք», - հավելել է նախագահը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի ռազմական հարվածներին և ուժգնացող երկրորդային պատժամիջոցներին՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը շարունակելու է դիմակայել Վաշինգտոնի արշավին։ «Մենք կշարունակենք դիմակայել։ Մենք ուղիներ կգտնենք, և մեր երկրի կյանքը կշարունակվի։ Մենք կգոյատևենք։ Այո՛, մենք, անշուշտ, ունենք տնտեսական խնդիրներ։ Սակայն գոյատևելու համար մենք կհաղթահարենք ցանկացած դժվարություն և կդիմանանք», - շեշտել է նա։
«Եթե Ամերիկան կարծում է, թե կարող է շարունակել պատժամիջոցներ կիրառել մեր նկատմամբ, ապա մենք անելիք չունենք և ամերիկյան ընտրությունների հարցին որևէ կերպ չենք անդրադառնում։ Եթե Ամերիկայի գործող վարչակազմը ցանկանում է միջազգային իրավական շրջանակներում համաձայնության գալ, շատ լավ։ Իսկ եթե ոչ՝ ընտրություններից առաջ թե դրանցից հետո, մեզ համար ի՞նչ տարբերություն», - ասել է նա՝ պատասխանելով Թեհրանի որոշումների վրա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների ազդեցության մասին հարցին։
Փեզեշքիանը կրկին հաստատել է, որ Իրանը չի ցանկանում, որ պատերազմը շարունակվի։ Նա միաժամանակ մեղադրել է Իսրայելին հակամարտությունը հրահրելու համար։
Իրանի նախագահն անդրադարձել է նաև այն տեղեկություններին, ըստ որոնց՝ իրանական ուժերը չինական արբանյակային պատկերներ են օգտագործել Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա մահացու հարձակում իրականացնելու համար, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ զինված ուժերի երեք զինծառայող։ «Ես կոնկրետ տեղյակ չեմ այդ ենթադրյալ լուսանկարներից, որոնց մասին խոսում եք, - ասել է Փեզեշքիանը։ - Իսկ թե ինչպես են երկու երկրների զինվորականները փոխգործակցում միմյանց հետ՝ դա նրանց ներքին գործն է, որը կարգավորվում է սեփական կանոնակարգերով»։
Փեզեշքիանը նաև նշել է, որ Իրանը հրամաններ չի տալիս Եմենի «Անսար Ալլահ» (հութիների) շարժմանը և պատասխանատվություն չի կրում նրա գործողությունների համար։ Բացի այդ, նրա խոսքով՝ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջ է և լիովին ղեկավարում է երկիրը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում