Մարտի 1. հայացք դարերի հեռվից
Տասը տարի առաջ, նախագահական ընտրություններից տասը օր հետո, հետընտրական զարգացումների փուլում՝ 2008թ. մարտի 1-ին, Երեւանում տեղի ունեցան արյունալի եւ ողբերգական իրադարձություններ, որոնք խլեցին տասը մարդու կյանք:
Զոհվեցին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Համլետ Թադեւոսյանը։
Մեծ թիվ էին կազմում նաեւ վիրավորները, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացածները: Ազատազրկման վայրերում հայտնվեցին հարյուրավոր մարդիկ:
Զոհվածներից յոթը մահացել են հրազենային վիրավորման
հետեւանքով, ընդ որում, երեք մարդ զոհվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ
միջոցներից վիրավորվելու հետեւանքով:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից տասը տարի է անցել, բայց տասը զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:
Լուսանկարում զոհերից մեկն է՝ Գոռ Քլոյանը: Լուսանկարն արվել է ողբերգական իրադարձություններից երեք օր առաջ: Այնպիսի տպավորություն է, կարծես Գոռ Քլոյանը մեզ նայում է շատ բարձրից կամ դարերի հեռվից: Այնպիսի տպավորություն է, որ նա իր հայացքով մեզ հասկացնում է, որ վաղուց ժամանակն է սթափվելու եւ այնպիսի երկիր ստեղծելու, որտեղ այլեւս նման ողբերգություններ չեն լինի, որտեղ ընտրությունները նման ողբերգության պատճառ չեն դառնա...
Top-News.am