Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը և ուժեղացնել կառույցի Գլխավոր ասամբլեայի դերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Էրդողանն այս առաջարկները ներկայացրել է Bloomberg-ի համար հեղինակած հոդվածում։
Թուրքիայի նախագահի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս կառուցվածքը շարունակում է արտացոլել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը և այլևս ամբողջությամբ չի համապատասխանում ժամանակակից իրողություններին։
Էրդողանը նշել է, որ համավարակները, էներգետիկ ճգնաժամերը, մատակարարման շղթաների խաթարումները և տարածաշրջանային հակամարտությունները ցույց են տվել, որ համաշխարհային խնդիրների լուծումը մի քանի պետությունների որոշումներից կախված դարձնելը չի համապատասխանում ներկայիս միջազգային համակարգի պահանջներին։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի բարեփոխումների առանցքում պետք է լինի վետոյի իրավունքի վերացումը։ Էրդողանը պնդել է, որ Անվտանգության խորհրդում նոր մշտական անդամների ավելացումը չի լուծի որոշումների ընդունման իրավասությունները սահմանափակ թվով պետությունների ձեռքում կենտրոնացնելու խնդիրը։
Թուրքիայի նախագահն առաջարկել է ձևավորել Անվտանգության խորհուրդ, որը մշտական անդամներ չի ունենա։
Նրա առաջարկի համաձայն՝ խորհրդի անդամները որոշակի ժամկետով պետք է ընտրվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ կրկին ընտրվել ցանկացող պետությունները պետք է վերստին ստանան անդամ երկրների մեծամասնության աջակցությունը։
Էրդողանը նաև հանդես է եկել Գլխավոր ասամբլեայի լիազորությունների ընդլայնման և Անվտանգության խորհրդի՝ դրա առջև հաշվետվողականության բարձրացման օգտին։ «Մենք չենք կարող կառուցել ապագայի միջազգային կարգը՝ պահպանելով անցյալի հիերարխիաները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն անդրադարձել է նաև աշխարհում ուժերի հարաբերակցության փոփոխությանը՝ նշելով Ասիայի տնտեսական կշռի աճը, Աֆրիկայի՝ ավելի լայն ներկայացվածության պահանջը և զարգացող երկրների դերի մեծացումը։ Նրա խոսքով՝ զարգացող երկրների զարգացման իրավունքը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների հասանելիությունը պետք է երաշխավորված լինեն։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել վետոյի իրավունքի վերացմանը, Անվտանգության խորհրդի ընտրվող անդամների դերի մեծացմանը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դիրքերի ամրապնդմանը։ Էրդողանի խոսքով՝ «ավելի արդար աշխարհ» ստեղծելու համար անհրաժեշտ է տարբեր տարածաշրջանների փորձը, ներուժն ու քաղաքական կամքը միավորել ընդհանուր հարթակում։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)