Ինֆանտինոն առաջարկել է ՖԻՖԱ-ի կառավարման անկախ վերանայում
BBC-ի փոխանցմամբ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջարկել է կազմակերպության կառավարման համակարգի անկախ արտաքին վերանայում՝ FIFA Forward Enterprise (FFE) նախաձեռնության շուրջ առաջացած քննադատությունների ֆոնին։ ՖԻՖԱ-ի խորհրդի անդամներին և ազգային ֆեդերացիաներին ուղղված նամակում Ինֆանտինոն նշել է, որ անկախ գործընթացը պետք է հնարավոր բարելավումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնի։
Նա նաև առաջարկել է քննարկել ՖԻՖԱ-ում որոշումների կայացման գործընթացի ամրապնդման հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվելու են նախագահի դերը, ինչպես նաև խոշոր ռազմավարական նախաձեռնությունների շրջանակում թափանցիկության, մասնակցության և հաշվետվողականության բարձրացման հարցերը։
Ինֆանտինոն վերջին շրջանում քննադատության է ենթարկվել FFE նախաձեռնության պատճառով։ Նախագիծը նախատեսում էր ստեղծել նոր ընկերություն, որը կկառավարեր ՖԻՖԱ-ի մրցաշարերի, այդ թվում՝ աշխարհի առաջնության, կոմերցիոն և տոմսերի վաճառքի իրավունքները։ Նախատեսվում էր ընկերության 21%-ը վաճառել մասնավոր ներդրումային ընկերության։
Ինֆանտինոյի խոսքով՝ նախաձեռնությունը չէր ենթադրում ՖԻՖԱ-ի վերահսկողության կամ սպորտային որոշումների նկատմամբ կազմակերպության իրավասության փոխանցում։ Նա նշել է, որ նախագիծը հանրայնացվել էր նախքան ՖԻՖԱ-ի նախատեսված ներքին գործընթացի ավարտը, ինչի հետևանքով տպավորություն էր ստեղծվել, թե որոշումն արդեն ընդունված է։ «Ես ընդունում եմ, որ առանց ամբողջական համատեքստի դա մտահոգություն առաջացրեց և ստեղծեց այնպիսի տպավորություն, թե որոշումներն արդեն ընդունվել են։ Այդպես չէր»,- գրել է Ինֆանտինոն։
Նրա հայտարարությունը հաջորդում է ՈւԵՖԱ-ի և ԿՈՆԿԱԿԱՖ-ի պահանջին՝ ՖԻՖԱ-ի 211 անդամ ֆեդերացիաներին կազմակերպության պահուստային միջոցներից 10-ական միլիոն դոլար վճարելու վերաբերյալ։ Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Դեբի Հյուիթը Ինֆանտինոյից պահանջել էր հրապարակել FFE-ի նախաձեռնությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը և կոչ էր արել անկախ վերանայում անցկացնել։
ՖԻՖԱ-ի խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 15-ին։ Ինֆանտինոն 2027 թվականի մարտին նախատեսված ընտրություններում պատրաստվում է չորրորդ անգամ առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում։
Top News


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»