ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100,000 հայի ուղարկել ՀՀ` Փաշինյանի դեմ քվեարկելու. Reuters
Reuters լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշված է, թե ինչպես է «Ռուսաստանն ակտիվացրել գաղտնի ջանքերը՝ խափանելու հաջորդ ամիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը՝ վախենալով, որ նրա հաղթանակը կարող է ամրապնդել նախկին Խորհրդային Հանրապետության կողմնորոշումը դեպի արևմուտք»:
Այս մասին հայտարարում են արևմտյան հետախուզական և կառավարական պաշտոնյաները, գրում է Reuters-ը։ Համաձայն արևմտյան հետախուզության հինգ աշխատակցի հետ հարցազրույցների և փաստաթղթերի, որոնց ծանոթ է Reuters գործակալությունը՝ հունիսի 7-ի ընտրությանն ընդառաջ՝ Մոսկվայի ծրագրերը ներառում են ապատեղեկատվական արշավներ՝ հօգուտ ռուսամետ թեկնածուների և տասնյակ հազարավոր ռուսաստանաբնակ հայերի տեղափոխման «հանդուգն սխեմա՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար»:
Գործակալությունը հիշեցնում է, որ 3 միլիոն բնակչություն ունեցող և դեպի ծով ելք չունեցող Հայաստանը՝ սառը պատերազմից ի վեր հիմնականում մնացել է Մոսկվայի ազդեցության ուղեծրում: Սակայն, հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հարցումների համաձայն՝ առաջատարն է առաջիկա ընտրությունում, մտերմացել է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ՝ դառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցը, որը չորեքշաբթի սատարեց Փաշինյանի վերընտրությանը: «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ այս շաբաթ այցելել է Երևան և ստորագրել օգտակար հանքանյութերի և ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրը»: Հայաստանի տարածքով առաջարկվող տրանսպորտային միջանցքը, ըստ լրատվական գործակալության, կարող է էլ ավելի թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում:
Հայաստանը Ռուսաստանի գլխավորած տնտեսական միության անդամ է, 2024 թվականին դադարեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, այս ամիս Հայաստանում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի թաքցնում իր դժգոհությունը Փաշինյանի կուրսի փոփոխությունից։ Վերջին օրերին Մոսկվան զգուշացնում էր, որ Հայաստանը կարող է զրկվել բնական գազի էժան մատակարարումներից, սահմանափակել է հայկական արտադրանքի, այդ թվում ՝ մրգի, բանջարեղենի, ծաղիկների և կոնյակի ներմուծումը»,-նշում է աղբյուրը:
Ըստ պարբերականի՝ արևմտյան երեք պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվայի նախընտրելի թեկնածուն Սամվել Կարապետյանն է ՝ միլիարդատեր, որը դատարանի առաջ է կանգնած Հայաստանի կառավարությունը տապալելու կոչեր անելու մեղադրանքով: Ռոյթերսը նշում է, որ Սամվել Կարապետյանը հերքում է Ռուսաստանից աջակցություն ստանալու վերաբերյալ մեղադրանքները։
«Եվրոպան վաղուց է Ռուսաստանին մեղադրում ընտրություններին միջամտելու համար, վերջերս՝ Մոլդովայում ու Հունգարիայում: Ռուսաստանն էլ պնդում է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն են միջամտում իր սահմանների մոտ գտնվող երկրների գործերին, որպեսզի նրանց ներգրավեն Արևմուտքի ազդեցության տիրույթում:
Ռուսաստանի ԱԳՆ-ը, ի պատասխան Ռոյթերսի հարցմանը, հայտնել է, որ Հայաստանի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության մասին պնդումները «լրտեսական մոլուցք» են: ՀՀ կառավարության կապի վարչությունը հրաժարվել է մեկնաբանել այս հոդվածում ներկայացված կոնկրետ մեղադրանքները, սակայն նախանշել է ապատեղեկատվության դեմ պայքարի ոււ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները»,- նշված է լրատվական գործակալության հրապարակման մեջ:
Reuters-ի տեղեկություններով՝ հոկտեմբերին Կրեմլը հիմնադրել է ռազմավարական համագործակցության և գործընկերության վարչությունը, որն, ըստ չորս աղբյուրի, վերահսկում է Հայաստանում ազդեցության գործողությունները:
Ըստ հինգ աղբյուրի՝ վերջին ամիսներին ռուս պաշտոնյաները քննարկել են ռուսաստանաբնակ հայերին Փաշինյանի ընդդիմախոսների օգտին քվեարկելու համար Հայաստան ուղարկելու հնարավորությունը: Հայերը մեծ սփյուռք ունեն, ներառյալ Ռուսաստանը, որի թիվը, ըստ որոշ գնահատականների, գերազանցում է 2 միլիոնը: ՀՀ քաղաքացիները չեն կարող ընտրություններին քվեարկել արտերկրում։
Ըստ երեք աղբյուրի՝ Ռուսաստանի իշխանությունները հաշվարկել են, որ 100 հազար ընտրողի տեղափոխումը կարժենա մոտ 50 միլիոն դոլար: Մայիսի կեսերին Կրեմլը քվոտաներ է սահմանել, թե որ հայերին որ տարածաշրջան է պետք ուղարկել, իսկ ադմինիստրատորներին խնդրել է հաշվետվություն ներկայացնել նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
«Այս ամսվա սկզբին անցկացված հարցումը ցույց է տվել, որ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կզբաղեցնի առաջին տեղը՝ հավաքելով ձայների մոտ 30%-ը: Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զգալիորեն հետ է մնացել խիստ մրցակցության պայմաններում՝ հավաքելով ձայների մոտ 6 տոկոս:
Ռուս պաշտոնյաներն ակտիվացրել են գոյություն ունեցող առցանց ապատեղեկատվական արշավները, որոնք ուղղված են Փաշինյանի կառավարության վարկաբեկմանը»,-գրում է լրատվականը: Եվրոպացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ այդ արշավներում օգտագործվում է Կրեմլի հետ կապված բոտերի ցանցը՝ հայտնի է «Փոթորիկ 1516»-ը, որը դեր է խաղացել ԱՄՆ-ի վերջին ընտրություններին միջամտելու փորձերում: Երեք աղբյուր ասել է, որ Կրեմլը ներգրավել է ռուսական քաղաքական խորհրդատվական ընկերություններին և վերլուծական կենտրոններին, ներառյալ Սոցիալական դիզայնի գործակալությունը (SDA), որը գտնվում է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ՝ Ուկրաինային աջակցությունը խաթարելու համար ապատեղեկատվություն տարածելու համար:
Reuters գործակալությունը ուսումնասիրել է հինգ ռուսալեզու փաստաթղթեր, որոնք, ըստ աղբյուրների, կազմել է SDA-ն: Փաստաթղթերից մեկում առաջարկվում էր Ռուսաստանի հայկական սփյուռքի համար ստեղծել «Երևան1» անվանումով լրատվամիջոց՝ Փաշինյանի նկատմամբ «բացասական վերաբերմունքը» տարածելու նպատակով, հիմնվելով՝ «Հայաստանը կարող է բարգավաճել միայն Ռուսաստանի հետ սերտ դաշինքով և նրա պաշտպանության ներքո» գաղափարի վրա։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը