Henley & Partners․ Հայկական անձնագիրը ամենագրավիչների ցանկում 74-րդն է
Հայաստանի անձնագիրը աշխարհի ամենագրավիչ անձնագրերի ցանկում զբաղեցնում է 74-րդ տեղը։ Այս մասին փաստում են Henley & Partners ընկերության տվյալները, որը ներկայացրել է 2024 թվականի առաջին կիսամյակի համաշխարհային անձնագրերի ինդեքսի արդյունքերը, որոնք հիմնված են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տվյալների վրա։
Ընկերության հետազոտությունների 19 տարիների ընթացքում առաջին անգամ միանգամից 6 երկիր զբաղեցրել է առաջին տեղը՝ առանց վիզայի ճանապարհորդության հնարավորությունների ռեկորդային քանակությամբ։ Նրանցից չորսը ԵՄ երկրներ են՝ Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Ֆրանսիա, երկուսը՝ ասիական երկրներ՝ Սինգապուր և Ճապոնիա։ Այս երկրների անձնագրեր կրողները առանց վիզայի կարող են ճանապարհորդել աշխարհի 227 ուղղություններից 194-ում։
Հարավային Կորեան, Ֆինլանդիան և Շվեդիան զբաղեցրել են երկրոդ տեղը (193-ական առանց վիզայի ուղղություններ), իսկ 192-ական ուղղություններով Ավստրիան, Դանիան, Իռլանդիան և Նիդերլանդները կիսել են երրորդ տեղը։ Մեծ Բրիտանիան զբաղեցրել է 4-րդ (191), իսկ ԱՄՆ-ն (187) յոթերորդ հորիզոնականը ։
Ռուսաստանը նահանջել է 51-րդ հորիզոնական։ ՌԴ անձնագիրը ապահովում է առանց վիզայի մուտք աշխարհի 119 երկիր։
Թուրքիան այս վարկանիշում զբաղեցնում է 52-րդ տեղը, Ադրբեջանը՝ 70։
Ավելի վաղ Arton Capital-ը հրապարակել էր 2024 թվականի համար անձնագրերի սեփական վարկանիշը, որի համաձայն հայկական անձնագիրը զբաղեցրել էր 61-րդ տեղը։