Պրիգոժինի շուրջ իրադարձություններն ավարտված չեն, Պուտինին մարտահրավեր է նետվել. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, չորեքշաբթի ելույթ ունենալով Նյու Յորքում, «Միջազգային հարաբերությունների խորհուրդ» (Council of Foreign Relations) հետազոտական կազմակերպությունում, կարծիք է հայտնել, որ իրավիճակը Եվգենի Պրիգոժինի խռովությունից հետո «շարժապատկեր» է, որտեղ վերջին գործողությունը մենք դեռ չենք տեսել», գրել է «Голос Америки»-ն։
Բլինքենը հիշեցրել է, որ Պրիգոժինը, «ինչպես եւ Պուտինը, ահավոր վայրագություններ է կատարել Ուկրաինայում, Աֆրիկայում եւ Սիրիայում։ Ուր էլ որ գնացել է «Վագներ» խումբը, նրան հետեւել են մահը, ավերածություններն ու շահագործումը»։
«Բայց փաստը, որ նա մարտահրավեր է նետել նախագահ Պուտինին, փաստը, որ... նա կասկածի տակ է դրել այն նախադրյալները, որոնք Պուտինն առաջադրում էր պատերազմի համար, նշանակալի է»,- ավելացրել է Բլինքենը։
«Եթե հետ նայենք, զարմանալի է, թե որքան հեռու ենք մենք գնացել այն վիճակից, որը տեսել ենք 16 ամիս առաջ, երբ ռուսական զորքերը Կիեւի մերձակայքում էին, երբ նրանք մտածում էին, որ կվերցնեն քաղաքը հաշված օրերում եւ Ուկրաինան կջնջեն աշխարհի քարտեզից որպես անկախ երկիր։ Հիմա տեսնում ենք իրավիճակ, երբ ռազմական ուժը շարժվեց դեպի Ռուսաստանի մայրաքաղաք՝ Մոսկվա, եւ նրանք վարձկաններ էին, որոնց ստեղծել է ինքը՝ Պուտինը»,- ասել է Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը ցույց է տվել, թե «Ուկրաինայի դեմ ագրեսիան որքան կործանարար էր Պուտինի համար բոլոր ուղղություններով»։
«Մենք տեսնում ենք, որ այդպես է գրեթե բոլոր ցուցանիշներով. Ռուսաստանը վատագույն տնտեսական վիճակում է, վատագույն վիճակում է նաեւ ռազմական տեսանկյունից։ Նրա դիրքերն աշխարհում կտրուկ վատացել են։ Պուտինին հաջողվել է Եվրոպան հեռացնել ռուսական էներգակիրներից ավելի քան մեկ տարում։ Նրա գործողությունները նպաստել են այն բանին, որ ՆԱՏՕ-ն դառնա ավելի ուժեղ, համախմբված եւ ավելի մեծ։ Եվ իհարկե, հաջողվել է (Ռուսաստանից) վանել գրեթե յուրաքանչյուր ուկրաինացու, ինչպես նաեւ միավորել Ուկրաինան ինչպես երբեք նախկինում»,- նշել է Բլինքենը։
Վերադառնալով խռովության թեմային՝ Բլինքենը ընդգծել է, որ այդ դրվագը «ցուցադրել է այդ ներքին ձախողման մասշտաբները շատ հստակ», եւ վստահություն է հայտնել, որ «Պուտինն այժմ շատ նոր հարցեր ունի, որոնց պետք է պատասխանի»։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կոչ է արել ձեռնպահ մնալ կանխատեսումներից եւ հայտարարել է, որ պատրաստ չէ «կանխատեսել, թե ինչի կհանգեցնի դա»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...