Ռուսաստանի չորս շրջաններում տասնյակ մարդիկ թունավորվել են «Միստր Սիդր» ըմպելիքից. 20 մարդ մահացել է
Ուլյանովսկի մարզում 40 մարդ թունավորվել է «Միստր Սիդր» ալկոհոլային ըմպելիքից, 16 մարդ մահացել է։ Տուժածների եւ մահացածների մեծ մասը Դիմիտրովգրադից է, թունավորման դեպքեր են գրանցվել նաեւ Ուլյանովսկում եւ Նովայա Մալիկլա գյուղում, ասել է շրջանի ղեկավար Ալեքսեյ Ռուսկիխը։ Դիմիտրովգրադի բնակիչները, տեղեկացրել է քաղաքապետ Անդրեյ Բոլշակովը, սկսել են դիմել բժիշկներին հունիսի 3-ին, նրանք ունեցել են թունավորման ախտանշաններ։ Հունիսի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16.00-ի դրությամբ Դիմիտրովգրադի հիվանդանոցներում 14 մարդ կա, որոնք թունավորվել են «Միստր Սիդրից», Ուլյանովսկի բուժհաստատություններում՝ հինգ մարդ։ «Յուրաքանչյուրի կյանքի համար բժիշկները պայքարում են»,- ասել է Ռուսկիխը, գրել է «Մեդուզան»։
Թունավորման եւ մահվան դեպքեր «Միստր Սիդրի» օգտագործումից հետո գրանցվել են եւս երկու շրջաններում։ Սամարայի մարզի Նովոկույբիշեւսկ քաղաքում մահացել է այդ ըմպելիքն օգտագործած երկու բնակչուհի։ Ուդմուրտիայում հոսպիտալացվել են մի տղամարդ եւ մի կին, որոնք նույնպես օգտագործել են «Միստր Սիդր», նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ։ Նիժնի Նովգորոդի մարզում նույնպես գրանցվել են թունավորման առաջին դեպքերը, կան մահացածներ, տեղեկացրել է փոխնահանգապետ Դավիթ Մելիք-Հուսեյնովը։
Ըմպելիքը, որը թունավորման պատճառ է դարձել, արտադրվել է Սամարայի մարզում։ Այն վաճառվել է լցնովի տարբերակով։ Ըմպելիքը, մասնավորապես, կարելի էր ձեռք բերել «Территория пива» եւ «Биррхаус» ցանցերում, տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզորի» Ուլյանովսկի մարզի վարչությունը։ Ուլյանովսկի նահանգապետը բոլոր ձեռներեցներին կոչ է արել «անհապաղ դադարեցնել ալկոհոլ պարունակող «սիդրի» վաճառքը մանրամեծածախ եւ հանրային առեւտրի կետերում»։ Դիմիտրովգրադի քաղաքապետն, իր հերթին, խնդրել է քաղաքի բնակիչներին «հրաժարվել լցնովի ալկոհոլային արտադրանք օգտագործելուց»՝ ավելացնելով, որ ըմպելիքը, որը թունավորման պատճառ է դարձել, առգրավում են առեւտրի կետերից։ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հանձնարարել է տարածաշրջանային վարչություններին բացահայտել եւ առգրավել «Միստր Սիդրի» բոլոր խմբաքանակները։ «Միստր Սիդրի» բեռնումն ու մատակարարումները արգելված են ամբողջ Ռուսաստանում, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են «Ռոսալկոհոլռեգուլիրովանիեում»։
«Միստր Սիդրը» պատրաստվել է Սամարայի մարզի Կրասնոգլինսկի շրջանի Վինտայ գյուղում։ ՔԿ-ն հայտարարել է, որ կալանավորել է ըմպելիքը տարածող գործարարին։ Նրան կասկածում են Քր.օր. հոդվածով, ըստ որի՝ նա մատուցել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ, որոնք անզգուշաբար հանգեցրել են երկու կամ ավելի անձանց մահվան։ Հոդվածով նախատեսվում է 10 տարվա ազատազրկում։ Քրեական գործեր են հարուցվել ինչպես Սամարայի, այնպես էլ Ուլյանովսկի մարզերում։
Նախնական տվյալներով՝ «Միստր Սիդրը» պարունակել է մեթիլային սպիրտ (մեթանոլ)։ Դա առայժմ պաշտոնապես չի հաստատված։ Հենց մեթանոլն է ամենից հաճախ հանդիսանում կեղծված ալկոհոլից թունավորման, այդ թվում մահացու ելքով, պատճառ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...