Երգչուհի Sia-ն պատմել է, որ իր մոտ աուտիզմի սպեկտրի խանգարում են ախտորոշել
Երգչուհի Sia-ն հայտնել է, որ իր մոտ աուտիզմի սպեկտրի խանգարում է ախտորոշվել։ Rob Has a Podcast-ում 47-ամյա երգչուհին խոստովանել է, որ իր ողջ կյանքի ընթացքում դժվարությամբ է շփվել այլ մարդկանց հետ:
«Այժմ ես լավ եմ, ապաքինվում եմ եւ նման բաներ. կան շատ տարբեր նրբերանգներ: Ես այսպիսին եմ 45 տարի... Ինձ թվում էր, որ պետք է գնամ հագնեմ իմ մարդկային տարազը: Եվ միայն վերջին երկու տարում ես ամբողջովին դարձա այն, ինչ կամ», - երգչուհու խոսքերը մեջբերում է Page Six-ը։
Երգչուհին մանրամասներ չի բացահայտել։ Հայտնի է, որ աուտիզմի սպեկտրի խանգարումը (ASD) նյարդահոգեբանական զարգացման խանգարում է, որը բնութագրվում է սոցիալական փոխազդեցության եւ հաղորդակցման մեթոդների որակական շեղումներով, ինչպես նաեւ սահմանափակ, կարծրատիպային, կրկնվող հետաքրքրությունների ու գործողությունների շարքով, առաջին նշաններն ի հայտ են գալիս փաքր տարիքի երեխաների մոտ՝ մինչեւ երեք տարեկան։
Երգչուհին նշել է, որ նախկինում նախընտրում էր թաքցնել իր խնդիրներն ու յուրահատկություններն ուրիշներից։ Հիմա նա փոխել է իր միտքը, եւ նրա համար դա շատ ավելի հեշտ է դարձել։ «Ոչ ոք երբեք չի կարող ճանաչել եւ սիրել քեզ, երբ դու լի ես գաղտնիքներով ու ապրում ես ամոթի մեջ: Երբ մենք վերջապես պատմենք անծանոթներին մեր ամենախոր, ամենամութ, ամենախայտառակ գաղտնիքները, եւ բոլորը ծիծաղեն մեզ հետ, առաջին անգամ մեր կյանքում, մենք մեզ հասարակության տականքը չենք զգա: Մեր կյանքում առաջին անգամ մենք կզգանք, որ մեզ տեսնում են այնպիսին, ինչպիսին մենք իրականում կանք: Եվ հըենց այդ ժամանակ կարող ենք սկսել շփվոլ եւ պարզապես բաց սրտով մարդկանց պես վարվել եւ դադարել ձեւացնել»,- հայտարարել է արտիստուհին ու հավելել, որ ինքը գրեթե 13 տարի սթափ կենսակերպ է վարում։