Հայերը ադրբեջանցիներին տեղեկացրել են Խոջալուի վրա հարձակման մասին. Քերոլայն Քոքս
Հայերն ադրբեջանցիներին ծանուցել են Խոջալուի վրա հարձակման մասին և խնդրել են տարհանել բնակչությանը։ Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը`բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում Լորդ Ֆլայթի բանավոր խնդրանքով` Խոջալուի դեպքերի կապակցությամբ կառավարությանն ուղղված բանավեճերի ժամանակ։
«Ես բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում 1990-ականների պատերազմի ժամանակ և կարող եմ վկայել Խոջալուի դեպքերի իրականության մասին, մի քաղաք, որն օգտագործելով ադրբեջանցիներն այնքան հրթիռներ էին արձակում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա, որ այն կոչնչացվեր, եթե հայերն իրենց վերահսկողության տակ չվերցնեին Խոջալուն։ Նրանք նախապես ծանուցել են իրենց հարձակման մասին և խնդրել են, որ ադրբեջանցիները թույլ տան խաղաղ բնակիչներին տարհանվել, ինչը ադրբեջանցիները չեն արել»,- նշել է բարոնուհին։
Կոքսը նաեւ հիշեցրել է Մարաղայի ջարդերի մասին. «Ես այնտեղ բազմիցս եղել եմ։ Ես առաջին անգամ այնտեղ գնացի, երբ տները դեռ վառվում էին: Դիակների ածխացած մնացորդներն ու գլխատված հայերի մարմինները դեռ գետնին էին»,- հիշողություններով կիսվել է Քոքը՝ հարց հնչեցնելով՝ համաձա՞յն է արդյոք նախարարը, որ պատմությունը վերաշարադրելը լուրջ հետևանքներ կունենա այս երկրներում հետագա զարգացումների վրա:
«Մենք բոլորս գիտակցում ենք պատմության կարևորությունը: Այս հակամարտությունում այժմ կարևորն ապագային նայելն է: Երկու երկրների և տարածաշրջանի համար կարևոր է, որ երկու կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Մենք աջակցում ենք բանակցություններին և հետագա քննարկումներին։ Իմ գործընկերը՝ Եվրոպայի հարցերով նախարարը, շատ է զբաղվել այս հարցով: Նա այցելել է Բաքու և հույս ունի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մեկնել Երևան։ Հայաստանի արտգործնախարարին հանդիպել եմ դեկտեմբերին ՄԱԿ-ում։ Վստահեցնում եմ, որ եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի տեսանկյուններից էլ լուծումներ, ի վերջո, կարելի է գտնել միայն ուղղակի բանակցությունների միջոցով, բայց այս գործընթացը կազմակերպողի դեր կարող են ունենալ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը և, ինչպես ասացի, ԵԱՀԿ-ն։
Շեշտում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը ուժային լուծում չունի։ Կոչ ենք անում կողմերին մասնակցել միջազգային գործընթացներին։ Մենք աջակցում ենք միջազգային գործընթացին, որը տեղի է ունենում այս երկրների միջև, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք կազմակերպում են այդ գործընթացները, ինչպիսին է ԵԱՀԿ-ն»,- հայտարարել է փոխնախարարը։