Առուշ Առուշանյանի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է
Այն, ինչ տեղի է ունենում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ, չի կարելի իրավական գործընթաց կոչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը:
«Առուշանյանը հայտարարեց վարչապետի համար անցանկալի ակցիայի անցկացման մասին, եւ նրան անմիջապես բերման ենթարկեցին: Ի՞նչ իրավական գործընթացի մասին կարող է խոսք լինել: Իշխանություններն այնքան պարզունակ են իրենց գործողություններում, որ կատարվածն օրինական գործընթաց կոչելու հնարավորություն չեն թողնում: Գործընթացը միանշանակ քաղաքական է. նրանք փորձում են մեկուսացնել Առուշանյանին: Հուսով եմ, չնայած որեւէ դրական բան չեմ կարող ասել դատավորի մասին, որին փոխանցվել է գործը, որ դատավորն իր մեջ կամքը կգտնի եւ գործը կփակվի»,- ասաց Արամ Վարդեւանյանը:
Խոսելով երկրում ռազմական դրությունը վերացնելու պահանջի մասին` փաստաբանը նշեց, որ ռազմական դրության շարունակությունը քրեաիրավական տարրեր է պարունակում: ««Իմ քայլի» պատգամավորներից մեկը հայտարարեց, որ ընդդիմախոսները ցանկանում են չեղարկել ռազմական դրությունը` իշխանություններին անվստահություն հայտնելու համար: Այսինքն` նրանք գիտակցում են, որ ռազմական դրության միջոցով սահմանափակում են մեր իրավունքները եւ գիտակցաբար գնում են դրան: Մենք փորձում ենք կասեցնել դա: Պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը, անվստահություն հայտնել վարչապետի աթոռը զբաղեցրած անձին: Նժարին ոչ թե քաղաքական հարցեր են, այլ մեր Հայրենիքին վերաբերող հարցեր:
Մենք արդեն գործ ունենք նույնիսկ ոչ թե Արցախի շուրջ իրավիճակի հետ, այլ Հայաստանի սահմանների դեմ ոտնձգության»,- հիշեցրեց Վարդեւանյանը: Փաստաբանը շեշտեց, որ իրավիճակը, որի մեջ հայտնվել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ցանկացած տեսակետից՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, ի վիճակի չէ կատարելու իր առջեւ դրված խնդիրները: Սա իրողություն է:
Ի պատասխան այն հարցին, որ օրերս «Իմ քայլի» պատգամավոր, նույնպես փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միտք է հայտնել, որ դատավորներին հրավիրում են խմբակցություն եւ նրանց հետ տարբեր հարցեր են քննարկում, չի՞ պարունակում արդյոք արդարադատության խոչընդոտման տարրեր, Արամ Վարդեւանյանը նշեց. «Երբ երկու երիտասարդներ, բառացի մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքը, փողոցում դատավորից հետաքրքրվեցին՝ «նա պատի տակ վնգստում է», միայն դրա համար քրեական գործ հարուցվեց «արդարադատությանը խոչընդոտելու» հիմքով, եւ գործը դատարանում է: Նիկոլայ Բաղդասարյանն իրավաբան է, այլ ոչ քաղաքական գործիչ: Իրավաբանը կարող է զբաղվել քաղաքական գործունեությամբ, բայց չմոռանալով այն մասին, որ ինքն իրավաբան է: Թող այդպիսի մտքեր չհայտնի, այլապես ես կարող եմ հիշեցնել իր այլ հայտարարություններ, օրինակ՝ երբ ճնշում գործադրվեց ՍԴ-ի վրա, խորհուրդ տվեց դիմել Վարչական դատարան: Նա ինքն էլ գիտի, որ այդ միտքը խախտման տարրեր է պարունակում»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...