Արայիկ Հարությունյան. Տապալված քննություն
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ Մոսկվայի տանը ծիծաղի թեմա է դարձրել Երեւանի 130 դպրոցի տնօրենին, որը դժգոհել է դպրոցներում անգլերենի մակարդակից։ «Ես վստահ եմ, որ հիմա այն տեքստը, որ դուք ասեցիք հայերեն, լինելով խորացված դպրոցի նախկին աշակերտ՝ այդ տեքստն անգլերենով չէիք ասի»,- կնոջն ասել է նախարարը։
Մարդը սխալական է, եւ դպրոցի տնօրենն խոսքն անմիջապես շարունակել է անգլերեն: Նախարարը կնոջը հակադարձել է բոլոր հնարավոր անհամաձայնություններից ամենաանպատվաբերով։ Ենթադրենք` Արմինե Հովհաննիսյանն իսկապես չէր կարող նույն տեքստը անգլերեն շարադրել։
Նախարարն ի՞նչ էր ուզում ցույց տալ՝ որ դեռ ՀՀԿ-ականների օրոք դպրոցի տնօրեն դարձած մարդն օրինաչափորեն անգրագե՞տ է։ Եվ եթե անգրագետ է, բոլորի պատիժը պետք է լինի հրապարակայի՞ն։
Ի՞նչ կարիք կար այդ կնոջը նսեմացնել։ Այդ կինը քո կարգավիճակի հետ է խոսում, իր հարցն ուղղել է նախարարին, ոչ թե՝ Արայիկ Հարությունյանին, ինչո՞ւ այդ դահլիճը դարձնել դատարան, ինչո՞ւ մյուս տնօրենների եւ ուսուցիչների աչքի առաջ ասպարեզ բերել նրա անգրագիտությունը։ Եթե հարցն ինքնին անգրագետ էր, բավարարվեիք դրանով եւ միջոցներ ձեռք առնեիք։
Եթե նախարարը փորձել է մտերմիկ լինել, միաժամանակ շփման մեջ՝ կրեատիվ կամ հումորով, նա ուղղակի ինքն իր հանդեպ ագրեսիա է գործել։ Արմինե Հովհաննիսյանը չխայտառակվեց, իսկ նախարարը վատ հանձնեց քննությունը։ Նա Արմինե Հովհաննիսյանի հետ գործ է ունեցել նախապաշարմունքով, թե՝ էս նախկին ՀՀԿ-ականի բողոքը բացարձակ լեգիտիմ չէ, ինչքան խելքին մոտ չեն այդ կնոջ գիտելիքները։
Նախարարը պարզաբանում է՝ եղել է գործընկերային, անկաշկանդ զրույց։
Այո՛, մարդուն կարելի է անկաշկանդ ասել՝ դու հասկանո՞ւմ ես ինչի՛ց ես խոսում։ Սա հնարավոր չէ ասել խիստ պաշտոնական միջավայրում, դրա համար ուրիշ բառեր կան։ Եվ ինչ-որ տեղեկություններ չկան, որ Արմինե Հովհաննիսյանը ծիծաղից ուշաթափվել է, երբ նախարարն իրեն ըստ էության հասկացրել է, որ պրոֆեսիոնալ պահանջ ես ներկայացնում, մինչդեռ ինքդ պրոֆեսիոնալ չես։
Բացառված չէ, որ նույն անկաշկանդությամբ այդ կինը նվաստացնում է իր ուսուցիչներին եւ աշակերտներին, սակայն նրան պետք է օրինակ ցույց տալ, թե ինչպես չի՛ կարելի դա անել։
Բացառված չէ, որ դու՝ նախարարդ, ավելի շատ տեղեկություններ ունես, թե ինչքան անպատրաստ են մեր դպրոցների անգլերենի ուսուցիչները, ի վերջո, երկար տարիներ նրանց գործը հաստատ միայն ուսուցչությունը չի եղել։ Նրանք իշխանություններին ծնողներ են «մատակարարել» որպես քվեի մսացու։
Բայց կարծեմ այդ ժամանակներն անցան։ Հիմա ծնողը, դպրոցի տնօրենը եւ նախարարը նույն «սիրո եւ համերաշխության» դաշտում են, որտեղ միմյանց վրա ղժժալ չկա։
Իրականում նախարարը մի կերպ է թաքցրել իր դժգոհությունը տնօրենի բողոքից, իրականում նա ցանկացել է ավելի քիչ բողոքներ լսել, նա արդեն ցույց է տվել իր ականջի «թուլությունը» ընդդեմ բողոքների։
Նա հիմա ականջ շոյող բաներ է ուզում լսել։ Կամ, ավելի ճիշտ, ինքն է ուզում արձանագրել բոլոր թերությունները, որովհետեւ ինքը հայտնագործողն է, մինչդեռ մյուսները, նախկին ռեժիմի տակ մնալով, չեն հասկանում նոր իրավիճակի հրամայականները։
Արայիկ Հարությունյանը նույնպես պետք է սովորի նոր իրավիճակին։ Այդ ժամանակ նա կմոռանա այսպիսի «անկաշկանդ» զրույցների ժամանակավրեպությունը եւ չի փորձի կատակել այնպես, որ անգլերենի մասնագետն իր աշակերտների եւ ուսուցիչների մոտ արդարանա, թե «նախարարին ի՞նչ ասեցի, որ ինքն այդպես հակադարձեց»։
Մհեր Արշակյան

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...