Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը կանցկացվի հունիսի 25-29-ը Երևանում և Գյումրիում։ Միջոցառմանը ներկա է եղել և ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին՝ կարևորելով փառատոնը նոր համագործակցությունների հաստատման, համատեղ ծրագրերի իրագործման, ոլորտային քննարկումների կայացման տեսանկյունից:
Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ Երևանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը մշակութային կյանքի ամենակայացած իրադարձություններից է. «Փառատոնը նպաստում է մշակույթի տնտեսականացմանը, ինչը պետական քաղաքականության առաջնահերթություններից է: Ուրախալի է արձանագրել, որ ամեն տարի ընդլայնվում է փառատոնի աշխարհագրությունը. այս տարի ունեցել ենք հայտեր 95 երկրից, ինչը բացառիկ ցուցանիշ է: Կինոարտադրության ոլորտում այսօրինակ նախագծերը թույլ են տալիս ընդլայնել մշակույթի սահմանները՝ որպես շուկա դիտարկելով ամբողջ աշխարհը և ներկայանալով այնպիսի արտադրանքով, որը համահունչ է աշխարհի պահանջներին»: Դանիել Դանիելյանը կարևորել է փառատոնը նաև մշակութային ապակենտրոնացման տեսանկյունից։ Բացի Երևանից, փառատոնն անցկացվում է նաև մարզերում. այն արդեն իսկ անցկացվել է Տավուշի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, իսկ այս տարի տեղի կունենա նաև Գյումրիում: Փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ. նախատեսվում են ստեղծագործական հանդիպումներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում։
Դանիել Դանիելյանը կարևորել է մշակութային ժառանգության պահպանումը՝ այն նաև շարունակաբար զարգացնելով: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի և հաջող արդյունքի համար:
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշել է, որ փառատոնի նպատակն է ստեղծել հարթակ՝ բացահայտելու երիտասարդ նոր անունների, որոնք կունենան ինքնադրսևորվելու, իրենց ստեղծագործությունները ցույց տալու, տարբեր ծրագրերի միջոցով մեծ աշխարհին ներկայանալու հնարավորություն: Նա շնորհակալություն է հայտնել աջակից բոլոր կողմերին, որոնք նպաստում են հայկական կինոյի զարգացմանը:
Փառատոնի բացումն ազդարարվել է «Մշուշը վերացել է» (ռեժիսոր՝ Սեյեդ Ալի Ղասեմի, Իրան) ֆիլմով:
Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում