Brexit-ից հետո հարաբերությունների խորացման և համագործակցության նոր համաձայնագրեր
Միացյալ Թագավորությունը և Եվրամիությունը նոյեմբերի 20-ին Բրյուսելում կանցկացնեն տարեկան գագաթնաժողով՝ Brexit-ից հետո հարաբերությունների խորացման և համագործակցության նոր համաձայնագրերի շուրջ։ ՄԹ վարչապետ Էնդի Բերնհեմը հանդիպման ամսաթիվը հաստատել է երկուշաբթի օրը՝ Համայնքների պալատում ունեցած ելույթի ընթացքում, հայտնում է POLITICO-ն։
Կողմերը մտադիր են գագաթնաժողովում համաձայնության գալ գյուղատնտեսական և պարենային ապրանքների առևտրի, արտանետումների առևտրի համակարգի և երիտասարդների շարժունակության ծրագրի վերաբերյալ։ Բերնհեմի խոսքով՝ դրանից հետո անհրաժեշտ է քննարկել ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների հնարավոր տարբերակները՝ տնտեսական աճը, անվտանգությունն ու միգրացիայի վերահսկողությունն ապահովելու նպատակով։
Բրիտանիայի վարչապետը չի բացառել հարաբերությունների խորացման տարբերակներ, այդ թվում՝ միասնական շուկային կամ մաքսային միությանը միանալը, իսկ ավելի հեռանկարում՝ ԵՄ վերադառնալու հնարավորությունը։ Նա նաև մտադիր է բարձրացնել ԵՄ-ի «Արտադրված է Եվրոպայում» նախաձեռնության հարցը, որի շրջանակում եվրոպական արտադրողների պաշտպանությունը կարող է սահմանափակել բրիտանական ընկերությունների հնարավորությունները։
Ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոքը քննադատել է վարչապետին՝ պնդելով, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերանայումը չի լուծի երկրի բոլոր խնդիրները։ Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Լոնդոնի և Բրյուսելի համագործակցության խորացումը կարևոր է Եվրոպայի անվտանգության և տնտեսական բարեկեցության համար։ Նա նշել է, որ քննարկվող երեք համաձայնագրերին կարող են ավելանալ նաև պաշտպանության, անվտանգության, միգրացիայի և իրավապահ ոլորտների վերաբերյալ պայմանավորվածություններ։
Գագաթնաժողովին կմասնակցեն Բերնհեմը, Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հանդիպումը նախատեսված էր անցկացնել հուլիսին, սակայն հետաձգվել էր Քիր Սթարմերի կառավարության փլուզումից հետո։


















































Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին