Ռուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել
Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններն աշխատում են առավելագույն հզորությամբ՝ Ուկրաինայի շարունակական հարձակումների հետևանքով առաջացած վառելիքի պակասը լրացնելու համար, ներքին շուկայի վառելիքի մատակարարումներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի խոշոր էներգետիկ ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը Պուտինը նշել է, որ հուլիսին հիմնական վառելիքի արտադրության ծավալը կգերազանցի հունիսի ցուցանիշը։ Նրա խոսքով՝ չնայած պահուստների օգտագործմանը, երկրում բենզինի պաշարները գրեթե պահպանվում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին։ Դրանք կազմում են շուրջ 1,7 միլիոն տոննա՝ տարեկան կտրվածքով նվազելով 4 տոկոսով։
ՌԴ նախագահն ընդունել է, որ երկրում վառելիքի պակաս կա, ինչի հետևանքով խնդիրների են բախվում ինչպես վարորդները, այնպես էլ բիզնեսը։ Նրա խոսքով՝ որոշ բենզալցակայաններում հերթեր են գոյացել, իսկ անհրաժեշտ տեսակի բենզինը միշտ չէ, որ հասանելի է։
Լրատվամիջոցների տվյալներով՝ վառելիքի պակաս է արձանագրվել Ռուսաստանի ավելի քան 50 շրջաններում։ Որոշ շրջաններում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական տարածքներում սահմանափակումներ են մտցվել մասնավոր տրանսպորտային միջոցներին վառելիքի վաճառքի նկատմամբ։
«Ռոյթերս»-ի աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանում բենզինի ներկայիս արտադրությունը բավարարում է ներքին պահանջարկի մոտ 80 տոկոսը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները վնասել են նավթավերամշակման գործարաններն ու պահեստները՝ որոշ օբյեկտների ստիպելով կրճատել կամ ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։
Մայիսին Ռուսաստանում նավթի արտադրությունը նվազել է՝ հասնելով վերջին մեկ տարվա ամենացածր մակարդակին։ Դա կապվում է նավթային և վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարվածների ակտիվացման հետ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...