Մեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը
2026 թվականը Երևանի պատմության թանգարանի համար հոբելյանական է․ այս տարի լրանում է թանգարանի հիմնադրման 95-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում թանգարանը մի շարք նախաձեռնությունների միջոցով փորձում է Երևանի պատմությունն ու քաղաքային ժառանգությունը ներկայացնել ոչ միայն մասնագիտական շրջանակներին, այլև հասարակության տարբեր խմբերին։
Պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը նշում է, որ տարվա ընթացքում աշխատանք է տարվել թանգարանն առավել բաց և հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մայիսից մեկնարկել է նաև շրջիկ ցուցահանդեսների շարքը, որի միջոցով նախատեսվում է տարբեր վայրերում ներկայացնել Երևանի պատմությանն ու քաղաքային ժառանգությանը վերաբերող նյութեր։ Այս աշխատանքների տրամաբանության շարունակությունն է նաև «Երևան․ քաղաք և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։
Գիտաժողովի շրջանակում Երևանի քաղաքային ժառանգությունը կքննարկվի տարբեր մասնագիտական ուղղություններով։ Զեկույցներում անդրադարձ կլինի, մասնավորապես, Սիլիկյան թաղամասում հայտնաբերված շինություններին, Կոնդ թաղամասում իրականացված հետազոտություններին, ինչպես նաև քաղաքում ձևավորված թամանյանական նարատիվներին։ Առանձին ուղղությամբ կքննարկվեն նաև արխիվային նյութերը և Երևանի պատմության ուսումնասիրման հետ կապված այլ աղբյուրներ։
Գիտաժողովի կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնության կարևոր նպատակներից մեկը Երևանի մասին նոր գիտելիքը մեկ հարթակում ներկայացնելն է։ Հնագիտական պեղումները, պատմագիտական ուսումնասիրություններն ու արխիվային աշխատանքը հնարավորություն են տալիս քաղաքը դիտարկել ոչ միայն արդեն հայտնի պատմությունների, այլև նոր բացահայտումների միջոցով։
Այս գործընթացում առանձնահատուկ շեշտ է դրվում նաև երիտասարդ գիտնականների և հետազոտողների աշխատանքի վրա։ Գիտաժողովը նրանց համար հնարավորություն է ներկայացնելու իրականացված ուսումնասիրությունները և մասնագիտական հանրույթի առաջ քննարկելու Երևանի պատմության ու քաղաքային ժառանգության ուսումնասիրման տարբեր ուղղությունները։ Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է նաև Երևանի պատմության ուսումնասիրության միջազգային փորձի հետ փոխանակում։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ միջազգային գործընկերների հետ քննարկումները կարող են օգնել հասկանալու, թե Երևանի պատմության և քաղաքային ժառանգության որ ուղղություններն ունեն հետագա ուսումնասիրման և զարգացման առավել մեծ ներուժ։
Վերջինիս աշխատանքների արդյունքները նախատեսվում է ամփոփել տարեվերջին հրապարակվելիք տարեգրքում։ Այն հնարավորություն կտա մեկտեղել գիտաժողովի ընթացքում ներկայացված ուսումնասիրություններն ու Երևանի պատմության վերաբերյալ նոր հետազոտական նյութերը։
«Երևան․ քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը կբացվի Երևանի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակին նվիրված կարճամետրաժ ֆիլմի պրեմիերայով։ Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև Երևանի պատմությունը ներկայացնող պատկերագիրքը։
Այսպիսով, թանգարանի հոբելյանական տարին միավորվում է ոչ միայն անցած 95 տարիների ամփոփման, այլև Երևանի պատմության ուսումնասիրման նոր փուլերի ներկայացման հետ՝ հնագիտական բացահայտումներից ու արխիվային նյութերից մինչև քաղաքի տարբեր թաղամասերի և ճարտարապետական ժառանգության ուսումնասիրություն։
Top News


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից