2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար է
ԱՐՔԱ վճարային համակարգով անկանխիկ գնումներից ֆիզիկական անձանց հետվճար կտրամադրվի։ Դա կսկսի գործել 2026թ հունվարից։ Այս պահին շրջանառության մեջ է մոտ 500 հազար ԱՐՔԱ քարտ։ Քաղաքացիներն անկանխիկ առևտուր անելու դեպքում 2 տոկոս հետվճար կստանան։ Հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2026 թվականի փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թվականի հունվարը՝ ներառյալ։
Անկանխիկ գործարքի հետվճարի չափը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ընկերության հատկացումներից՝ 1% և պետության կողմից 1% համամասնությամբ:
2026թ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանում նոր պիլոտային ծրագիր կիրականացվի։ 2 % հետվճար կտրամադրվի անկանխիկ գնումների դեպքում։ Բայց այս դեպքում հետվճար են ստանալու միայն ԱՐՔԱ վճարային քարտերով գործարք կատարող ֆիզիկական անձինք։ Միջոցառումն ուղղված է պետություն-մասնավոր սոցիալական, տնտեսական փոխգործակցության ապահովմանը և նպատակ ունի ամրապնդելու անկանխիկ գործառնությունների համակարգը։
Այն նաև փոխշահավետ հնարավորություն է շահառուների համար, քանի որ առաջարկում է որոշակի պայմանների դեպքում անկանխիկ գործառնություններից գումարային վերադարձ ստանալ: Բայց ոչ բոլոր գործարքների դեպքում է վերադարձ լինելու։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան․ «Հետվճարը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ ինքնաշխատ եղանակով մինչև հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 25-րդ օրը։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկում է այդ ամսվա նախորդող ամսում ապրանքների և ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ վճարումների 2 տոկոսի չափով։ Յուրաքանչյուր գործարքից հետվճարը չի կարող գերազանցել 6 հազար դրամը, ամսվա համար՝ 60 հազար դրամը»։
Ծրագիրը չի վերաբերում կոմունալ վճարներին, կապի ու ՏՏ ոլորտի վճարումներին, բարձր ռիսկային վճարակետերում կատարված գործարքներին, ԱՐՔԱ -ի նվեր կամ մեկ անգամյա օգտագործման քարտին։
Վարչապետը ևս մեկ անգամ հստակեցնում է․
«Կարճ ասած՝ ամենօրյա ծախսերը, եթե կատարվում է ԱՐՔԱ քարտերով, 2 տոկոսը վերադարձվում է քարտին»։
Այս պահին ԱՐՔԱ վճարային համակարգում շրջանառության մեջ է շուրջ 500 հազար քարտ։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ևս ընդգծում է՝ քարտերի քանակը քիչ է, բայց առաջիկայում գուցե համատեղ քարտեր թողարկվեն։
«Քարտերը քիչ են։ Վճարային քարտերի գերակշիռ մասը visa կամ master քարտեր են։ Բայց բանակցում ենք, առաջարկել ենք, որ համատեղ քարտեր լինեն»։
Ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրչտյանը չի հստակեցնում՝ արդյո՞ք վերահսկման մեխանիզմ կա, որով կհետևեն, որ ընկերությունը քարտերի սպասարկման վճարը չբարձրացնի։ Որպես կանոն քարտը անվճար է՝ ասում է Մարտին Գալստյանը։ Ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը ընդգծում է․
«Սույն միջոցառումը գների կարգավորմանը չի վերաբերում։ Այլ վերաբերում է անկանխիկ եղանակով գնումների հետվճարին։ Կարծում եմ, որ գների հետ կապված հարցը առանձին քննարկման առարկա է»։
Տեխիկական խնդիրներից խուսափել հնարավոր չէ, հաշվի առնելով սպասվող հոսքերը՝ ասում է Մկրտչյանը։ Բայց նշում է՝ գործընկերները խոստացել են ամեն ինչ անել, որպեսզի տեխնիկական խնդիրները նվազագույնի հասնեն։ Ընդհանրապես, Հայաստանում խրախուսվում է անկանխիկ գործարքների ավելացումը։
Կենսաթոշակառուներն ու նպաստ ստացող քաղաքացիները ևս կարող են հետվճար ստանալ՝ անկանխիկ գործարքների դեպքում՝ հունվարից արդեն 20 տոկոս՝ ներկայիս 12 տոկոսի փոխարեն։ Այստեղ քարտի նախապայման չկա։ Իսկ 2026թ ապրիլի մեկից կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված