Արթուր Դավթյան․ Թուրքիայում ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը բարձրացնեի
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պարտությունից հետո իմ հաղթանակը Թուրքիայում ավելի մեծ արձագանքի արժանացավ, քան Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Ես տեսա, որ ֆուտբոլի հավաքականը պարտվել է, բայց չհաղթեցի, որ բոլորին ուրախացնեմ այդ պարտությունից հետո, այլ ինձ համար սկզբունքային եւ պարտավորեցնող էր, որ մենք Թուրքիայում էինք, եւ ես ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը այնտեղ բարձրացնեի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Մարտի 23-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Արթուր Դավթյանը հենացատկում նվաճեց հաղթողի կոչումը։
Օլիմպիական փոխչեմպիոնը հերթական հաղթանակն է տանում Թուրքիայում եւ բարձրացնում Հայաստանի դրոշը, որը մեծ ցնծությամբ է ընդունվել հանրության կողմից: Մարմնամարզիկը նշում է, որ Թուրքիայում հաղթանակն ավելի մեծ շուքով է ընդունվել, քան օլիմպիական արծաթե մեդալը:
«Ամեն անգամ տարբեր զգացողություններ է Թուրքիայում հաղթելը: Սա առաջին անգամ չէր, մենք այնտեղ Եվրոպայի առաջնություն ենք ունեցել, որտեղ առաջին անգամ դարձել եմ չեմպիոն հենացատկում: Երիտասարդներն էլ այնտեղ ունեցել են աշխարհի առաջնություն: Համլետ Մանուկյանի պատվին եւս երկու անգամ հնչել է Հայաստանի հիմնը, դրոշը բարձրացվել:
Մեր հաղթանակներն այնտեղ նորմալ են ընդունվում: Չի եղել որեւէ ընդգծված վերաբերմունք, բացառությամբ մեկ-երկու միջադեպի: Օրինակ, հիշում եմ՝ Եվրոպայի առաջնության ժամանակ մրցումային դահլիճում մեր դրոշի տեղը Կոլումբիայի դրոշն էին կախել, հետո ասել էին, որ սխալմունք է եղել: Այդ նույն առաջնության ժամանակ դոպինգ թեստ հանձնելու գործընթացն էր մի քիչ տարօրինակ: Առավոտ 05:30-ին եկել էին դոպինգ թեստ վերցնելու: Չգիտեմ՝ ինչու էին որոշել այդ ժամին, եթե ժամը 9-ին էլ գային, սենյակում էինք լինելու: Այս ամենը վերաբերում է 2023 թ. Եվրոպայի առաջնությանը, որտեղ առաջին անգամ դարձա չեմպիոն:
Ինչ վերաբերում է աշխարհի գավաթի երրորդ փուլին, այս անգամ որեւէ արտառոց միջադեպ չի գրանցվել: Ամեն ինչ լավ էր:
Թուրքիայում մրցաշարին մասնակցելը բոլորիս համար կրկնակի պատասխանատվություն է: Պետք է ամեն ինչ անես, որ դրոշը բարձրանա: Լարվածությունը մի փոքր ավելի շատ էր, չնայած, որ շատ մեծ մրցակցություն չկար: Ամեն դեպքում, ինձ համար կարեւոր էր Անթալիայում հաղթելը, լարված էի, որ անպայման պետք է կարողանամ հաղթել ու Հայաստանի դրոշը բարձրացնել իրենց երկրում:
Այդ օրը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց վրացիներին, հենց այդ ընթացքում էլ իմ վարժության եզրափակիչն էր: Մրցաշարի ավարտից հետո հասկացա, որ իմ հաղթանակը սոցցանցերում շատ-շատ տարածվեց: Երեւի ինչ-որ առումով ֆուտբոլի հավաքականի պարտությունից հետո իմ հաղթանակը իսկապես շատ ուրախացրեց մեր հանրությանը: Անկեղծ կլինեմ՝ Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը նվաճելն այսքան բուռն արձագանքի չէր արժանացել հանրության կողմից, որքան Թուրքիայում հաղթանակս հավաքականի պարտությունից հետո: Այսքան մեծ տարածում չունեցավ սոցցանցերում:
Իսկապես ժողովրդի համար սա մեծ ուրախություն էր: Այս առումով շատ ուրախ եմ, ինձ համար հաճելի է, որ իմ հաղթանակներն այսքան ուրախացնում են մեր ժողովրդին, բայց մյուս կողմից էլ տխրում եմ, որ ֆուտբոլի հավաքականը մեծ հաշվով պարտվեց:
Ինձ իրականում տխրեցնում է այն փաստը, որ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն այդքան էլ մեծ արձագանքի չարժանացավ, որքան պետք է լիներ, որովհետեւ Օլիմպիական խաղերը սպորտային ամենամեծ իրադարձությունն է եւ յուրաքանչյուր մարզիկի երազանքը: Ստացվում է՝ հակառակն այս ամենի, բուռն արձագանքի արժանացավ աշխարհի գավաթի փուլերից մեկի ոսկե մեդալը, որովհետեւ ֆուտբոլի թիմը պարտվեց: Իմ կարծիքով, բոլոր մրցաշարերում ու բոլոր մարզաձեւերում տարած հաղթանակներն այսպիսի տարածում պիտի գտնի: Այդ հաղթանակները միայն մեզ՝ մարզիկներիս համար չեն, մեր երկրի համար են: Մենք միայն աշխարհի գավաթի փուլերում չենք հաղթում: Շատերը չգիտեն, որ մարմնամարզությունը իսկապես զարգացած է մեր երկրում, նույնիսկ չգիտեն, որ Հայաստանում մարմնամարզություն կա եւ ունենք լուրջ արդյունքներ:
Ես տեսա, որ ֆուտբոլի հավաքականը պարտվել է, բայց չհաղթեցի, որ բոլորին ուրախացնեմ այդ պարտությունից հետո, այլ ինձ համար սկզբունքային եւ պարտավորեցնող էր, որ մենք Թուրքիայում էինք ու ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը այնտեղ բարձրացնեի»,- ասաց Արթուր Դավթյանը:
Մարտի 28-29-ը Երեւանի Ալբերտ Ազարյանի անցկացվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեց նաեւ օլիմպիական փոխչեմպիոնը եւ հավասարը չունեցավ հենացատկի վարժությունում: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Արթուր Դավթյանին հավաքականում դեռ փոխարինող չկա:
«Հենացատկում ինձնից հետո լուրջ փոխարինող, որպես այդպիսին, դեռ չեմ տեսնում: Էրիկ Բաղդասարյանը ունի մեծ ներուժ եւ հավակնում է հենացատկում ինձ փոխարինի հետագայում: Արդեն փորձում է բարդացնել ցատկերը: Իմ տեղեկություններով մեջքի խնդիր ունի, որն առաջին խոչընդոտն է հենացատկի համար: Ամեն դեպքում նա ունի պոտենցիալ: Կուզեի ընդգծել նժույգ թափեր վարժության վրա երիտասարդների արդյունքները: Այստեղ Հարություն Մերդինյանից հետո ունենք լավ հետնորդներ ի դեմս Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի: Նժույգ թափերի վարժությունում այս երիտասարդներն արդեն շատ ուժեղ են եւ լուրջ մրցակցություն են ապահովում մեծահասակներում: Վստահ եմ, որ մենք նոր մեծ նվաճումներ կունենանք այս գործիքի վրա: Հենացատկին, կարծում եմ, դեռ պետք է սպասենք:
Ես դեռ կպայքարեմ, որքան կարողանամ, հնարավորություններս ինձ թույլ տան: Այս պահին նորմալ մարզավիճակ ունեմ: Այս տարի արդեն բազմաթիվ մրցաշարերի ենք մասնակցել: Մեկում մի քիչ լավ, մյուսում՝ մի քիչ պակաս են ցատկերս: Չեմ կարող ասել, թե Օլիմպիական խաղերից հետո մարզավիճակս կամ ցատկերս ավելի լավացրել եմ: Դեռ բարդացնելու մասին չեմ մտածում: Մրցաշարերը, մասնավորապես աշխարհի գավաթի փուլերն իրար հետեւից են, դեռ ժամանակը չի բավականացնում նոր էլեմենտի վրա աշխատել: Ապրիլի 7-ին մեկնում ենք Խորվաթիա, աշխարհի գավաթի 4-րդ փուլին, որտեղից ամսի 14-ին կմեկնենք Քաթար՝ 5-րդ փուլին: Ապրիլի 23-ից էլ Եգիպտոսում կմասնակցենք աշխարհի գավաթի 6-րդ փուլին: Այս փուլերից հետո կպատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, որը մայիսի վերջին է»,- ասաց Արթուր Դավթյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները