Օրվա ընթերցվածք
Թուղթ եբրայեցիներին 11․1-31
Նախնիների օրինակելի հավատը
1 Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացյալ բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում. 2 քանզի նախնիները հավատո՛վ վկայություն ընդունեցին։
3 Հավատո՛վ ենք իմանում, որ տիեզերքն ստեղծվել է Աստծու խոսքով՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։
4 Հավատո՛վ Աբելը Աստծուն ավելի լավ զոհ մատուցեց, քան Կայենը, որով էլ վկայություն ստացավ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի՛ համար նրան վկայություն տրվեց Աստծուց։ Նա, թեպետև հավատով մեռավ, սակայն խոսում է դեռ։
5 Հավատո՛վ Ենոքը փոխադրվեց երկինք, որպեսզի մահ չճաշակի, և նա ոչ մի տեղ չգտնվեց, քանի որ Աստված նրան տարել էր։ Եվ նախքան նրա տարվելը վկայություն էր տրվել, որ հաճելի էր Աստծուն։ 6 Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։ 7 Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։
8 Հավատո՛վ Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց՝ գնալու այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում։ 9 Հավատո՛վ նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրանների տակ բնակվեց Իսահակի և Հակոբի հետ, որոնք ժառանգակից էին նույն խոստման. 10 որովհետև սպասում էր հիմքերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետը և արարիչը Աստված է։ 11 Հավատո՛վ Սառան ինքն էլ, որ ամուլ էր, որդեծնության սերմն ստանալու զորությունն ունեցավ և ծնեց առաջացած տարիքում, քանի որ հավատարիմ համարեց նրան, ով խոստացավ այդ բանը։ 12 Ուստի մեկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնվեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը և անթիվ-անհամար ավազը ծովի ափին։
13 Հավատի՛ մեջ մեռան սրանք բոլորը և դեռևս խոստումները չստացած։ Բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, որ իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։ 14 Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խոսում, հայտնի են անում, թե հայրենի երկիր են փնտրում։ 15 Քանզի եթե հիշեին այն երկիրը, որտեղից իրենք ելան, ժամանակ ունեին նորից այնտեղ դառնալու։ 16 Հիրավի, ավելի լավ տեղ են տենչում, այսինքն՝ երկնավոր մի վայր։ Ահա թե ինչու Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։
17 Հավատո՛վ Աբրահամն իր փորձության մեջ Իսահակին որպես զոհ մատուցեց, և նա, ով խոստումն էր ընդունել, իր միամորիկ որդուն էր որպես զոհ մատուցում։ 18 Աբրահամին ասված էր. «Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրվի» (Ծնն. 21.12)։ 19 Աբրահամն իր մտքում մտածեց, թե Աստված կարո՛ղ է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին։ Ուստի և, որպես նախօրինակ այդ բանի, նա վերստացավ իր որդուն։ 20 Հավատո՛վ Իսահակն օրհնեց Հակոբին և Եսավին՝ գալիք բաների հույսով։ 21 Հավատո՛վ օրհնեց Հակոբը իր մեռնելու ժամանակ Հովսեփի որդիներից ամեն մեկին և երկրպագեց Աստծուն՝ իր գավազանի ծայրին հենված։
22 Հավատո՛վ հիշեց Հովսեփը իր կյանքի վախճանին իսրայելացիների ելքը և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։
23 Հավատո՛վ, երբ Մովսեսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը և չվախեցան թագավորի հրամանից։ 24 Հավատո՛վ Մովսեսը, երբ մեծացավ, մերժեց փարավոնի դստեր որդի կոչվել. 25 նախընտրեց չարչարվել Աստծու ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճույքներ վայելել. 26 կարևոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատությունը. որովհետև, աչքերը հառած, վարձատրության էր սպասում։ 27 Հավատո՛վ թողեց Եգիպտոսը և չէր վախենում թագավորի ցասումից, քանի որ համբերեց, կարծես թե անտեսանելին էր տեսնում։ 28 Հավատո՛վ կատարեց Զատիկը և արյան շաղ տալը, որպեսզի անդրանիկներին կործանողը չմոտենա նրանց։ 29 Հավատո՛վ անցան Կարմիր ծովով, որպես թե ցամաք երկիր լիներ, մինչ եգիպտացիները, նույնը փորձելով, խեղդվեցին։ 30 Հավատո՛վ ընկան Երիքովի պարիսպները, երբ նրանք յոթ օր շրջեցին նրանց շուրջը։ 31 Հավատո՛վ անհավատների հետ կորստյան չմատնվեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղությամբ ընդունել էր հետախույզներին։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը