Շուշին Ալիևի կողմից Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելը ՀՀ իշխանությունների սխալների արդյունքն է
Այն ցավալի իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այսօր, Հայաստանի իշխանությունների՝ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո անհետևողական ու հանցավոր արարքների արդյունքն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Մելիքյանն՝ անդրադառնալով «Շուշի քաղաքը Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին» Ալիևի ստորագրած հրամանագրին:
«Չհանդիպելով որևէ լուրջ հակազդեցության Հայաստանի իշխանությունների կողմից` Ադրբեջանը բավականին մեծ տեմպերով առաջ է տանում իր օրակարգը և հաջողություն գրանցում իր համար ցանկալի բոլոր հարցերում: Այսպիսի հարցերից մեկն էլ Շուշի քաղաքը որպես Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշումն է, որում ի դեպ նշվում է նաև, որ «անհրաժեշտ է վերականգնել Շուշիի «պատմական ադրբեջանական» տեսքը»»,-նշեց փորձագետը:
Նրա խոսքով՝ այս որոշումը, սակայն, իրականում անսպասելի չէր:
«Շուշին ադրբեջանական մայրաքաղաք դարձնելու և նրա, այսպես կոչված, պատմական տեսքը վերականգնելու մասին Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան սկսել են բարձրաձայնել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո: Եվ ոչ միայն այդ երկու պետությունները: Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի կողմից, որի կազմի մեջ են մտնում ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, այնպես էլ Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանն այս տարվա սկզբից պարբերաբար առաջարկ է հղվում Ադրբեջանին 2022 թվականին Շուշի քաղաքը նաև հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»,- ասաց Մելիքյանը:
Սակայն, նրա խոսքով, ՀՀ իշխանությունների կողմից այս հարցերից բխող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ մինչ օրս հստակ քայլեր չեն իրականացվել՝ առնվազն հայկական պատմամշակութային հուշակոթողներն ու պաշտամունքի վայրերը պահպանելու տեսանկյունից:
«Ընդհակառակը, վերջին ամիսներին ականատես ենք դարձել միայն Հայաստանի բարձր ամբիոններից Շուշի քաղաքի վերաբերյալ տարբեր աբսուրդային հայտարարությունների ու մեկնաբանությունների, որոնք հնչել են ամենաբարձր մակարդակով: Հստակ մշակված քայլերով Ադրբեջանին չհակազդելը, ավելին՝ հանցավոր հայտարարություններով հակառակորդի ջրաղացին ջուր լցնելը, այսօր հասցրել են այն կետին, որ կանգնած ենք Շուշիում հայկական հետքն ամբողջությամբ կորցնելու եզրին: Եվ ոչ միայն Շուշիում, այլ Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած ողջ հատվածում: Ասվածի վառ ապացույցն էլ Ջրականի հայկական եկեղեցու ավերումն ու Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն են, որով վերջինս շինաշխատանքների անվան տակ եկեղեցու տեսքի փոփոխման աշխատանքներ է կատարում»,- ասաց փորձագետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանի լռությունն ու ոչ մի հարցին չմիջամտելն օգտագործում է Արցախում իր ախորժակն էլ ավելի բավարարելու համար:
«Քննադատող հայտարարությունները հարցի լուծում չեն: Քանի դեռ Հայաստանի կողմից չկա մշակված գործողությունների ծրագիր ու լուրջ հակազդեցություն, Ադրբեջանի այս պահվածքը շարունակական բնույթ է կրելու»,- հավելեց փորձագետը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները