Իշխանությունները վախենում են խաղաղ հավաքներից, քանի որ այդպիսի հավաքներով են եկել իշխանության. Լարիսա Ալավերդյան
Հայաստանի իշխանություններն արտակարգ դրության ընթացքում ոչ մի բանի այնքան խստորեն չեն հետևում, ինչպես հավաքների կազմակերպման արգելքին: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ընթացքում խաղաղ հավաքների անցկացման արգելքին:
«Խաղաղ հավաքների անցկացման հանդեպ իշխանությունների ընդգծված սարսափը չափազանցված է: Կարծում եմ՝ սա այն հանգամանքի հետևանքն է, որ իրենք հավաքներով են եկել իշխանության: Մինչդեռ դրանից չպետք է տուժի հասարակությունը, այդ վախը պետք է հաղթահարվի: Որոշակիություն պետք է լինի բոլոր այն նորմերի մեջ, որոնք ընդունվում են: Այժմ սահմանված կանոններում պակասում է որոշակիությունը, իսկ իրավակիրառ պրակտիկայում՝ աշխատանքը ոստիկանության հետ»,-ասաց Ալավերդյանը:
Նրա խոսքով ՝ խաղաղ հավաքների արգելքի դեպքում ոտնահարվում են մի քանի իրավունքներ, նաև՝ Սահմանադրությամբ հաստատված նորմեր, սկզբունքներ, այդ թվում՝ Սահմանադրության 3-րդ, 25-րդ, 31-րդ, 33-րդ, 41-րդ, 42-րդ, 44-րդ հոդվածները: Ըստ իրավապաշտպանի՝ այլ երկրներում կան դրական օրինակներ, երբ ոչ թե արգելում են հավաքների կայացումը, այլ հետևում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը: «Այստեղ էլ կարող են սահմանվել որոշակիության սկզբունքին համապատասխանող նորմեր, որոնք չեն հակասի ո՛չ օրենքին, ո՛չ իրավունքին»,-նշեց նա:
Ալավերդյանը հիշեցրեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի՝ ԱԺ-ի դիմաց միայնակ ակցիան, որին հետևեց Մելիքյանի բերման ենթարկումը: Նա նշեց, թե տարածքում հավաքված ոստիկաններն ավելի շատ էին, քան այնտեղ կանգնած անձինք: «Ոստիկանների մի մեծ խումբ մեկ անձի փորձում էր բացատրել, թե կուտակումներն արգելված են. փաստորեն մեկ անձը կուտակում էր առաջացնում»,-նշեց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն հաստատել է, որ միջազգային դաշնագրում ամրագրված խաղաղ հավաքների արգելքը կորոնավիրուսի պայմաններում պետք է գործածվի միայն որպես ծայրահեղ միջոց, Ալավերդյանն ասաց. «Մեր Սահմանադրությամբ հստակ նշված է, որ Հայաստանը հավաստիացնում է, որ կհետևի միջազգային նորմերին: Այսինքն՝ երբ ՄԱԿ-ը ներկայացնում է իր կողմնորոշումները, դրանց պետք է հետևի պետությունը: Արդյունքում տեղի է ունենում ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում, այլև չեն կատարվում միջազգային պարտավորությունները»:
Նրա խոսքով՝ իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել., սակայն պետք է հիշել, որ Սահմանադրության համաձայն՝ իշխանությունն իր գործողություններում սահմանափակված է մարդու իրավունքներով:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg