Առաջնագծի անվտանգությունն առաջնահերթ է. ի՞նչ աշխատանք է կատարվել
Ավտոմեքենան սլացավ արեւածագի լռության մեջ քնած քաղաքի փողոցներով, վայրի վարդով պատված տնակների, խանութների, սրճարանների եւ գրասենյակների կողքով, արվարձանի միջով, ոսկեզօծ դաշտերով ու կանաչ բլուրներով դեպի հեռավոր սահմանը:
Ճանապարհին փոսեր են, սկզբում՝ հատուկենտ, այնուհետեւ՝ ավելի ու ավելի շատ: Ճանապարհի որոշ հատվածներում ակներեւ է՝ կա վերանորոգման կարիք: Ասֆալտի ծածկույթը փոխարինվում է գյուղամիջյան ճանապարհով: Տեղանքի կլիման թելադրում է կանոնները. տարվա այս եղանակին արեւն արդեն հասցրել է չորացնել խոտը, իսկ ճամապարհին անցնող մեքենաների պատճառով կախված է փոշուց ձեւավորված մառախուղը: Փոշին ներթափանցում է հագուստի բոլոր ծալքերի մեջ եւ զգացվում է ատամների վրա:
Վերջին տարիների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարությունը բազում ջանքեր է գործադրել առաջնագիծն ամրապնդելու եւ բանակայինների ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում հենակետային բազաների հագեցվածությանը: Դրանցից մեկում եղել է մեր լրագրողական խումբը:
«Առաջնագծի անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են լայնածավալ ինժեներական աշխատանքներ: Կառուցվել են լրացուցիչ պատնեշներ, հաղորդակցման ուղիներ: Հակառակորդի կողմից տեսանելի բոլոր ճանապարհներն ապահովված են պաշտպանիչ պատնեշով»,-պատմում է զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Պարգեւ Մարտիրոսյանը:
Բոլոր հենակետերը համալրված են խմելու ջրով, հարմարեցված լոգարաններով, տեղադրված են արեւային մարկոցներ, դիտարկման նոր համակարգեր:
«Նախկինում գործում էին դաշտային լոգարանները, իսկ այժմ զինծառայողները կարող են ցնցուղ ընդունել ամեն օր: Հատկապես ամռանը դա շատ ակտուալ է»,-նշում է Մարտիրոսյանը:
Դրա հետ մեկտեղ բարելավվել է սնունդը: Որոշված է սննդակարգում ներառել սեզոնային բանջարեղենը: Եւս մեկ նորամուծություն է նոր նմուշի կոշիկները. դեռեւս փորձնական տարբերակն է: «Ներկայումս բողոքներ չկան: Նոր կոշիկն իսկապես հարմարավետ է եւ թեթեւ»,-հավելել է հրամանատարի տեղակալը: Շոգ կլիմայի մեկ ուրիշ խնդիր է օձերի եւ կարիճների մեծ քանակությունը, եւ երկարաճիտք կոշիկները շատ տեղին են:
Ծառայությունից ազատ ժամանակ զինծառայողները կարող են շախմատ խաղալ կամ ընթերցանությամբ զբաղվել հարմարավետ տաղավարում:
Ներկայումս առաջնագծում իրավիճակը հանգիստ է: Իսկ մի քանի օր առաջ հնչում էին կրակոցներ, նշում է փոխգնդապետ Մարտիրոսյանը: Հարցին՝ սպասո՞մ են արդյոք ենթակաները հրամանի հակառակորդին լռեցնելու համար, հրամանատարի տեղակալը խուսափողաբար պատասխանում է. «Անձնակազմին տրված է հրաման, յուրաքանչյուրը գիտի իր գործը»:
2016 թվականին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ Պարգեւ Մարտիրոսյանը եւս ծառայում էր սահմանում. «18-ամյա տղաները դրսեւորում էին տոկունություն եւ մարտական ոգի: Չկար խուճապ կամ շփոթմունք»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...