Ինչ կտա ԵԱՏՄ անդամ երկրներին Իրանի հետ ազատ առևտրի գոտին
Հինգշաբթի Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր, գրում է RT-ն՝ ներկայացնելով ԵԱՏՄ-ի և Թեհրանի միջև գործընկերության հեռանկարները:
Փաստաթուղթը դեռ տարածվում է ոչ բոլոր ապրանքների վրա և նախատեսված է երեք տարով: Այդ ընթացքում կողմերը պետք է լուծեն վիճելի հարցերը և այնուհետ կնքեն երկարաժամկետ պայմանագիր: Փորձագետների կարծիքով՝ իրանական շուկան «հետաքրքրված է ամենով», այդ պատճառով գոտու ստեղծումը «բացառիկ հնարավորություններ» է ընձեռում ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար:
Իրանը դարձել է երկրորդ երկիրը, որը պայմանագիր է կնքել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: 2015 թվականին նման համաձայնագիր են ստորագրել ԵԱՏՄ-ն ու Վիետնամը:
Նշվում է, որ միության երկրների համար խոսքը նախևառաջ պողպատից նյութերի, էլեկտրոնային և մեխանիկական սարքավորումների, ավտոարդյունաբերության մասին է:
Իրանական մաքսային կետում այդ ապրանքների մաքսատուրքերը կազմելու են 4-10 տոկոս: Իրանը նաև նվազեցնելու է գյուղատնտեսական ապրանքների և մթերքի լայն տեսականու մաքսատուրքերը:
Շատ իրանական ապրանքներ ունենալու են զրոյական մաքսատուրք, դրանց թվում են ցիտրուսները, պիստակը, ծովամթերքը, թուզը, դդումն ու ձմերուկը, հյութերը, ինչպես նաև գորգերը, ներկերը: Իրանական խնձորների, լոլիկների և վարունգների մաքսատուրքը նվազելու է միայն աշուն-ձմեռ շրջանում: Հետագայում, ինչպես լրագրողներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, կողմերը պետք է «պայմանավորվեն ազատ առևտրի գոտու լիարժեք համաձայնագրի վերաբերյալ»:
«Դա շատ հեռանկարային է: Իրանում այժմ սպասում են մեր ապրանքներին, ընդ որում՝ ինչպես սովորական մարդիկ, այնպես էլ իրանական կառավարությունը, որը մեզ հատուկ արտոնություններ է տրամադրել»,- ասել է տնտեսագետ Սաիդ Գաֆուրովը՝ մեկնաբանելով Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը: Նրա խոսքով՝ քանի որ իրանական շուկան հետաքրքրվում է «գրեթե ամեն ինչով», պայմանագիրը ռուսական բիզնեսին «բացառիկ հնարավորություններ» է տալիս:
Գաֆուրովի կարծիքով՝ ռուս սպառողը կարող է հետաքրքրված լինել նախևառաջ մրգերով և բանջարեղեններով, չնայած իրանցիները պատրաստ են տրամադրել արտադրանքի լայն ընտրանի:
Փորձագետների կարծիքով՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքների տարանցման հարցում կարևոր դեր է զբաղեցնելու Հայաստանը:
«Հայաստանը երկու ձեռքով կողմ է դրան, նրանք ընդհանուր սահման ունեն»,- ասել է փորձագետ Ալեքսանդր Միխայլենկոն: Նրա խոսքով՝ հայկական սփյուռքը բավականին լուրջ դիրքեր է զբաղեցնում Իրանի տնտեսական կյանքում, ինչը նույնպես մեծացնում է Երևանի ներուժը:
«Այնտեղ, որտեղ մենք չենք մրցակցում, մեր ապրանքները հիանալի կլրացնեն միմյանց: Այն ոլորտներում, որտեղ ԵԱՏՄ-ն ու Իրանը մրցակցում են, ինչպես, օրինակ, նավթագազային ոլորտում, ավելի շատ հնարավորություններ կհայտնվեն համաձայնեցված գործողությունների համար»,- ընդգծել է Միխայլենկոն:
Գաֆուրովի կարծիքով՝ ԵԱՏՄ երկրների ընկերությունների համար օգուտը կգերազանցի հնարավոր ամերիկյան պատժամիջոցներից առաջացած վնասները:
«Հնարավորությունների երկրորդ նման պատուհան չի լինի»,- պնդել է տնտեսագետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան