Ինչո՞ւ Հրաչյա Ռոստոմյանը հիշեց իր նախկին մասնագիտությունը (տեսանյութ)
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է, պատրաստվում է սպասարկել Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի եզրափակիչ հանդիպումները:
«Երբ խաղերը թեւակոխեցին վերջին վճռորոշ փուլ, որոշեցի սպասարկել այդ խաղերը, չնայած այնքան էլ մարզական տեսք չունեմ: Պատճառներից մեկն այն է, որ մեր մրցավարները դեռեւս նման կարգի խաղեր վարելու փորձ չունեն: Ես ցանկանում եմ օգնել նրանց, որպեսզի այդ խաղերի ընթացքում լուրջ սխալներ թույլ չտանք եւ ապահովենք արդարացի արդյունքներ», – «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց նախարարը:
Նշենք, որ Հրաչյա Ռոստոմյանը բասկետբոլի միակ միջազգային մրցավարն է Հայաստանից, սակայն 2010 թվականից հետո չի սպասարկել ոչ մի հանդիպում:
«Ինքնագովություն չլինի, սակայն իմ համար դժվար չէր վարել Ա լիգայի խաղերը, չնայած բոլորն էլ անցնում էին լարված պայքարում: Կարեւորն այն է, որ մրցավարն իր թույլ տված սխալը չուղղի ավելի մեծ սխալով: Ոչ ճիշտ որոշում կայացնելուց հետո հարկավոր է մոռանալ այն եւ շարունակել առաջ շարժվել, հակառակ դեպքում սխալը՝ նոր սխալ կբերի», – եզրակացրեց Հրաչյա Ռոստոմյանը:
Ինչպես հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, ներկայումս Հայաստանում կա արտոնագիր ունեցող 13 բասկետբոլի մրցավար: Նրանցից երեքը կին են, որոնց չի արգելվում սպասարկել տղամարդկանց հանդիպումները:
Ֆեդերացիան մտադիր է ավելացնել մրցավարների քանակը, քանի որ գալիք մրցաշրջանում հնարավոր է ավելանան Ա լիգայի թիմերի, դրա հետ միասին՝ խաղերի քանակը:
«Մենք պատրաստվում ենք հայտարարություն տալ եւ մրցավարական ազատ դասընթաց կազմակերպել, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ սկսած 16 տարեկանից: Դիմորդները պետք է տեսական քննություն հանձնեն, կապված բասկետբոլի կանոնակարգի հետ, որից հետո կանցկացվեն գործնական պարապմունքներ», – պարզաբանեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Հավելենք, որ Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի եզրափակիչ փուլը կսկսի ապրիլի 14-ին: Գլխավոր մրցանակի համար կպայքարեն «Արթիկն» ու Ստեփանակերտի «Արցախը», որոնք կիսաեզրափակիչ փուլում պայքարից դուրս են բերել Երեւանի ՖԻՄԱ-ին և «Ուրարտուին»: