ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի մասին զեկույցն ընգրկվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որն ընթանալու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Ստրասբուրգում։ Վեհաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ Հայաստանին առնչվող քննարկումը ծրագրված է աշխատանքների հենց առաջին օրը։
Մինչև քննարկումը ԵԽԽՎ կայքում արդեն հրապարակվել էր զեկույցը։ 20 էջանոց զեկույցը պատրաստել է շվեյցարացի քաղաքական գործիչ Դամիեն Կոտիեն, որը ներկայացնում է Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը։
Ի՞նչ են արձանագրել եվրոպացի դիտորդները հունիսի 7–ի խորհրդարանական ընտրություններում։
Շվեյցարացի քաղաքական գործիչ Դամիեն Կոտիեի պատրաստած 20 էջանոց զեկույցից տարբեր դրվագներ են մեջբերում հայաստանյան իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները։ Այսինքն՝ յուրաքանչյուրը փաստաթղթում գտել է իր դիրքերից բխող ձևակերպումներ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության զեկույցի համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրողներին տվել են քաղաքական այլընտրանքների իրական ընտրության հնարավորություն՝ լավ կազմակերպված գործընթացում, սակայն արտաքին ճնշումը, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, հասել է աննախադեպ մակարդակի։ Զեկույցի ամենասուր քննադատությունը վերաբերում է ԿԸՀ որոշմանը՝ անվավեր ճանաչել երեք ընտրատեղամասերի արդյունքները։ Ըստ որոշ հաշվարկների՝ եթե այս տեղամասերի ձայները հաշվառվեին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող էր հաղթահարել 4%-անոց շեմը՝ զրկելով իշխող կուսակցությանը 3/5 մեծամասնությունից։ Զեկույցում ԿԸՀ-ի միանշանակ հիմնավորումը անբավարար է համարվել․
Ինքը՝ զեկույցի հեղինակը քննարկման ժամանակ հայտարարել է․
«Քվեարկության օրը ընտրողներն ունեին իրական ընտրություն, և նրանք դա արտահայտեցին հստակորեն։ Ընտրությունները, ընդհանուր առմամբ, լավ էին կազմակերպված, տեխնիկապես ամուր, խաղաղ, ներառական։
Բայց եկեք հստակ լինենք։ Հայկական ժողովրդավարությունը ենթարկվել է արտաքին ուժեղ ճնշման։ Աշխարհաքաղաքական համատեքստը արտակարգ լարված էր՝ նշանավորված ռուսական ուղղակի, աննախադեպ միջամտությամբ՝ առևտրային սահմանափակումներ, էներգետիկ մատակարարման սպառնալիքներ, դիվանագիտական ճնշումներ, ազդեցության քարոզարշավներ և ուղղակի անվտանգային սպառնալիքներ ամենաբարձր մակարդակով»։
Ընտրություններից անմիջապես հետո՝ հաջորդ օրը եվրոպացի դիտորդները Երևանում արձանագրել էին, որ սադրիչ հռետորաբանությունը, բևեռացված լրատվամիջոցները, արտաքին ճնշման ու միջամտության մշտական դրսևորումները մարտահրավեր նետեցին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Էդիտա Էստրելլան այն ժամանակ հայտարարեց․
«Մենք անգամ լսեցինք, թե պարոն Պուտինը ինչպես խոսեց հնարավոր ուկրաինական սցենարի մասին այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի ընթանալ եվրոպամետ ուղով։ Այս համատեքստում ես ուզում եմ ընդգծել այն գերազանց աշխատանքը, որ ընտրությունների վարչարարությունն իրականացնող մարմինները իրականացրել են»։
Հայաստանում ընտրությունների ընթացքը դիտարկեց ԵԽԽՎ-ից 22 անդամ 15 երկրից։ Դամիեն Կոտիեի խոսքում հետևյալ շեշտադրումներն էին․ քարոզարշավը եղել է շատ ծանր և խիստ բևեռացված, քարոզարշավների ֆինանսավորումը դեռևս անբավարար է վերահսկվում, իսկ մեդիա դաշտը, թեև բազմակարծիք է, խիստ բևեռացված է։ Դեմիեն Կոտիեն խոսել է նաև դիտորդներին մտահոգող այն հիմնական դրվագի մասին, որն անընդհատ հիշեցնում է նաև Հայաստանի ընդդիմադիր հատվածը․
«Ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական ներկայացվածության համար վճռորոշ նշանակություն ունեցող մի քանի ընտրական տեղամասերի արդյունքների չեղարկումը մեզ մտահոգում է։ Որոշումն էական էր՝ պարզելու համար, թե արդյոք այդ կուսակցությունը հասնում էր ընտրական 4% շեմին։ Համապատասխան շրջաններում նոր քվեարկության անցկացումը լիովին ընդունելի տարբերակ կլիներ, սակայն այն մերժվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ առանց իրական բացատրության։ Նման մասշտաբի որոշումը պետք է հիմնված լինի հիմնավոր, թափանցիկ և ստուգելի պատճառների վրա, ինչը, ավա՜ղ, այս դեպքում այդպես չէր»։
Ամեն դեպքում, զեկլույցի հեղինակը նշել է՝ Հայաստանը ցույց տվեց, որ կարող է կազմակերպել տեխնիկապես հաջողված, խաղաղ և ներառական ընտրություններ։ Հայաստանյան ընտրությունների ձեռքբերումների մասին խոսեց նաև ընտրությունները դիտարկած պատգամավոր Ռիկարդո Կավալլոն։ Միևնույն ժամանակ նա դեռ Հայաստանի համար մարտահրավեր է համարում օրենքի գերակայության ամրապնդումը, հաստատությունների նկատմամբ վստահությունը, լրատվամիջոցների ազատությունն ու բազմակարծությունը, ինստիտուցիոնալ անկախությունը և ժողովրդավարական տարածքի պաշտպանությունը։ Սրանք, ըստ պատգամավորի՝ շարունակական աշխատանք և լրացուցիչ մոնիտորինգ են պահանջում։
Հայաստանի վերջին ընտրություններն, ըստ Կավալլոյի՝ ցույց են տալիս նաև հայ հասարակության մեկ այլ ընտրությունը։ Արդյունքները վկայում են հայ ժողովրդի կողմից եվրոպամետ ուղու ընտրության և զգալի արտաքին ճնշումների պայմաններում նրա ժողովրդավարական կայունության մասին։ Այդ ընտրությունը պետք է հարգել, նշել է եվրոպացի պատգամավորը։
Եվրոպական դիտորդներից Յան Շոլտենը, գոհ մնալով ընտրությունների ընթացքից, Հայաստանն անվանելով եվրոպական մշակութային ժառանգության մարգարիտ, ամեն դեպքում խոսել է նաև խնդիրներից․
«Կրոնի ազատությունը պետք է հարգվի, իսկ եպիսկոպոսների ձերբակալումը չի համապատասխանում ժողովրդավարական հիմնարար ազատություններին»։
Հայաստանի ընդդիմադիրները փաստաթղթից դրվագներ են առանձնացրել և խոսում են ընտրակաշառքի, ճնշումների, ձերբակալությունների ու անհավասար պայմանների մասին։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ սոցցանցում առանձնացրել է պարբերություններից մեկը՝ համարելով այն զեկույցի ամենակարևոր եզրակացությունը։ Մեջբերում Ռուբինյանի գրառումից․
«Չնայած արձանագրված թերություններին և աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին՝ հասարակությունը ցուցադրել է իր ժողովրդավարական դիմակայունությունը։ Այսպիսով, նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»։ Մեջբերման ավարտը։
Ռուբինյանը՝ հակիրճ գրառումով խոստացել է․ կիրագործեն։
armradio.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...