Պատմության էջերից․ Արամ Մանուկյանի հանդիպումը Կատարինե Զալյանի հետ
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի կյանքի մի դրվագ կապված է Արմավիրի՝ նախկին Ղուրդուղուլի գավառի հետ: Այստեղ է նա հանդիպել իր ապագա կնոջը՝ բժշկուհի Կատարինե Զալյանին: Արմավիր գյուղում պահպանվել է այն տունը, որտեղ ապրել են ամուսինները: Նրանք ծանոթացել են այդ գյուղի որբանոցում: Այս պատմությունը տատից լսել ու «Ռադիոլուր»-ին է փոխանցել արմավիրցի Հակոբ Հակոբյանը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը սկիզբ դրեցին Հայաստանի առաջին հանրապետությանը։ Պատմական այդ իրադարձությունների ակունքում կանգնած էր նաև Արամ Մանուկյանը: Նրա ռազմա-քաղաքական գործունեությունը սկսվել է դեռ 1915թ Վանի ինքնապաշտպանության մարտերի ժամանակ։ Արամ Մանուկյանը նույնիսկ Վանի նահանգապետ էր նշանակվել: Նա Վասպուրականի հայերի հետ սկսել էր վերականգնել նահանգի քայքայված տնտեսությունը։ Հետագայում օգնել էր գաղթականներին, որոնց մի մասը ապաստան էին գտել Արմավիր գյուղում:
Արամ Մանուկյանի այդ տարիների գործունեության մասին տեղացիները բազմաթիվ հիշողություններ ունեն։ Արմավիրցի Հակոբ Հակոբյանը «Ռադիոլուրին» պատմում է իր տատի հուշերը:
«Մորական տատիս մասին եմ խոսում, հետաքրքիր բաներ էր ինձ պատմում այդ թվերից, ես ուշադիր լսում ու հիշում էի: Արամ Մանուկյանը տեխնիկա էր առնում, գութաններ, օգնություն էր տանում, ամբողջովին լծված էր այդ գործին: Անընդհատ գնում-գալիս էր սահմանից այն կողմ»:
Գաղթի ժամանակ Արմավիր գյուղում որբանոց էր բացվել, պատմել է տատը՝ Արփենիկ Յոլչյանը։ Դա նախկին հիվանդանոցի տարածքում էր: Հենց որբանոցում էլ Արամ Մանուկյանը հանդիպել է իր ապագա կնոջը՝ բժշկուհի Կատարինե Զալյանին: Հակոբն ասում է, որ իր տատը մտերիմ է եղել բժշկուհու հետ ու նկատել է իրենց գյուղում հաճախ երևացող երիտասարդի ուշադրությունը բժշկուհու նկատմամբ:
«Ո՞նց է ծանոթանում: Մեր գյուղը գավառային կենտրոն է եղել, որբանոց է ունեցել, որտեղ 1230 որբ է եղել: Տատս պատմում էր՝ էդ տղեն էնքան գնաց-եկավ, վերջը Կատինի հետ ամուսնացավ: Կատարինեին Կատին էին ասում, մեր գյուղում հաճախ անունները կրճատում էին»:
Տունը, որտեղ ապրել է Կատարինե Զալյանը, դեռ պահպանվում է: Տասնամյակների ընթացքում տարբեր մարդկանց է պատկանել։ Հակոբն այնտեղ մի քանի տարի առաջ է եղել, որի բնակիչներն ամիսներ առաջ էին գնել այն:
«Ընտանիքը, որ ապրում էր այդ տանը, եզդի էին, մեր գյուղի եզդիներից: Իմիջիայլոց ասեմ, մեր գյուղի եզդիները Սուրմալուից են: Այդ ընտանիքը տան մեջ ընդամենը մի սենյակում էին ապրում: Մի հարկանի տուն էր ու ամեն ինչ պահպանվել էր, նույնիսկ ծածկը, որը շատ հետաքրքիր գործված էր եղեգով, հատակը՝ սալիկապատված, սյուները, լրիվ պահպանված էին, բայց արդեն խարխուլ»:
1918թ մայիսին Արամ Մանուկյանի կոչով արմավիրցիները միահամուռ կերպով պայքարի են ելել թուրքերի դեմ: Հակոբն ասում է, որ իրենց գյուղի ջոկատները կռվել են նաև Բաշ Ապարանում:
«Գյուղում 300 հոգանոց ջոկատ է կազմվել և մեկնել Բաշ Ապարանի կռվին մասնակցելու: Այդ ջոկատի հրամանատարը Սարդարապատ գյուղից էր: Հետաքրքիրն այն է, որ այդ ջոկատին ամբողջովին զինել ու հանդերձավորել էր մեր գյուղի վերջին հոգևորականը՝ տեր Գարեգինը, Խորենի պապը»:
Այդ տարիների հետ կապված շատ պատմություններ կան գյուղում: Հակոբն ասում է, որ այդ հուշերը չկորցնելու լավագույն միջոցը Կատարինե Զալյանի ու Արամ Մանուկյանի անունով կոչելն է գյուղի այն փողոցը որտեղ ապրել են նրանք։
armradio.am


















































Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ
«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններո...
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
Երևանը կրկին կապրի գինու ռիթմով
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ը...
Apple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք