Ահա այսպես բոլշեւիկները մտան Հայաստան
Դասագրքերից, վավերագրական եւ գեղարվեստական կինոնկարներից շատերն են տեսել, թե ինչպես են բոլշեւիկները ժպիտները դեմքին Իջեւանի մատույցներից մտնում Հայաստան, եւ թե ինչպես է ժողովուրդը ցնցությամբ ընդունում նրանց։
Իսկ թե իրականում ինչպես են նրանք մտել Հայաստան եւ ինչպիսին է եղել ժողովրդի առաջին տպավորությունը, գրեթե որեւէ մեկը չի գրել։ Երբ բոլշեւիկները մտել են Իջեւանի գավառի Կունեն գյուղ, տատս ընդամենը տասը տարեկան էր եւ շատ լավ հիշում է, թե ինչ եղավ, երբ բոլշեւիկները մտան գյուղ։
«Երբ բոլշեւիկներն իրենց պոպոզ փափախներով, ձիերի վրա նստած մտան գյուղ, հայրս նրանց հրամանատարներին տեղավորեց մեր տանը՝ հյուրասենյակում։ Լավ հաց տվեցինք, իսկ երբ առավոտյան արթնացանք, տեսանք ոչ բոլշեւիկները կան, ոչ պատերին եւ գետնին գցած կարպետներն ու գորգերը»,- պատմում էր տատս։
Իսկ երբ նեղված էր լինում ասում էր՝ որտեղ լիսացրիր, որտեղ ես մթնացնում, որից հետո խորհրդավոր հայացքով նայում ու ասում էր՝ մինչեւ տասը տարեկանը ես ջրի տեղ գինի եմ խմել։ Ու հիշում էր, որ Սուրբ ծննդին եւ Զատկի տոնին մայրն իրեն եւ եղբայրներին հանձնարարում էր գյուղի համեմատաբար աղքատ բնակչությանը միս եւ քաղցրեղեն բաժանեն։ «Բոլշեւիկները եկան, տոներն էլ վերացավ՝ ապրուստն էլ»,- տխրությամբ ասում էր նա ու այս ու այն կողմ էր նայում, կարծես ուզում էր տեսնել, հասկանալ, թե իրեն չար մարդիկ լսեցին, թե ոչ։
Տատս արցունքներն աչքերին արդեն պատմում էր, որ բոլշեւիկների առաջին մուտքից արդեն շաբաթներ անց, երբ նրանք կրկին գյուղ մտան, հենց տան առաջ սպանեցին հորը։ Նաեւ ասում էր, թե սպանեցին նաեւ պապիդ հորեբորը, իսկ հորը այնքան ծեծեցին, որ հետո շատ չապրեց։ Ասելուց հետո կրկին այս ու այն կողմ էր նայում։
Բոլշեւիկների մուտքից անցել է գրեթե հարյուր տարի, բայց նրանց մտնելու ձեւերը, եղանակները իրենց հետեւանքը թողել են մինչ օրս։ Տատս, որ ընդամենը երեքամյա կրթություն էր ստացել եւ հպարտանում էր Ներսիսյան դպրոցն ավարտած եւ Երկրորդ աշխարհամարտից չվերադարձած եղբորով, պատմում էր նաեւ գյուղի կոլեկտիվացման, կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին։ Եւ այսօր, երբ կանայք իրոք հավատում են, թե տղամարդիկ եւ կանայք հավասար են (ոչ իրավունքի հարցում), կարծում եմ պետք է լսեն, թե ինչ էր պատմում տատս կանանց եւ տղամարդկանց հավասարեցման մասին։
«Պապդ (գյուղի նախագահն էր) եկավ տուն ու հայտնեց, որ քեֆ պետք է անեն, քանի որ կանայք եւ տղամարդիկ արդեն հավասար են։ Ես ասացի, որ չեմ մասնակցի եւ կոլխոզին էլ չեմ անդամագրվի։ Ասեցի, որ կինն ու տղամարդը չեն կարող հավասար լինեն, որ կինը՝ կին է, տղամարդը՝ տղամարդ, որ եթե հավասար լինեին, Աստված կին ու տղամարդ չէր ստեղծի։ Կանանց ասում էի, որ չգնան, չանդամագրվեն կոլխոզին, որ չմասնակցեն քեֆին։ Չլսեցին, գնացին, իսկ հաջորդ առավոտյան ժամը վեցին եկան բոլորին հավաքեցին, գերանդին ու փոցխը տվեցին ձեռքները ու ասացին՝ արդեն հավասար եք, հավասար էլ պետք է աշխատեք»,- պատմում էր տատս, որը նաեւ հիշում էր, որ բոլշեւիկների մուտքից հետո ձայնազուրկ էին դարձել եղբայրը եւ ապագա ամուսինը՝ պապս, ու ժպտալով ասում էր, թե քանի որ գյուղում նրանցից բացի այլ տառաճանաչ մարդ չկար, ստիպված պապիդ գյուղի նախագահ նշանակեցին, բայց եղբայրս մնաց ձայնազուրկ։ Իսկ հետո այդ ձայնազուրկ եղբայրը եւ մյուս եղբայրները մասնակցեցին Երկրորդ աշխարհամարտին եւ այլեւս հետ չեկան։
Բոլշեւիկների մուտքից անցել է 97 տարի, Հայաստանն արդեն անկախ է, բայց կարծես բոլշեւիկներն այդպես էլ չեն գնացել։ Բոլշեւիկյան մտածողությունը դեռ նստած է մեր ժողովրդի տարբեր շերտերի մեջ, իսկ ոմանք էլ երանությամբ են հիշում խորհրդային արյունով լեցուն տարիները։
Գեղամ Նազարյան


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»