Հայաստանում պատրաստվում են մարդահամարի. այն կանցկացվի էլեկտրոնային տարբերակով, հաշվարարները կայցելեն ամեն 4–րդ տուն
Հոկտեմբերի 13–ից 22–ը Հայաստանում կանցկացվի մարդահամար՝ երրորդը անկախ Հայաստանում։ Այն սովորաբար անցկացվում է տասը տարին մեկ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված, այս անգամ մարդահամարն անցկացվում է մեկ տարի ուշացումով:
Առաջին անգամ Հայաստանում մարդահամարն անցկացվելու է ընտրանքային հետազոտությամբ: Սա նշանակում է, որ հաշվարարներն այցելելու են պետական ռեգիստրից ընտրված հասցեների 25 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուր չորրորդ տուն, մյուս տնային տնտեսությունների վերաբերյալ ինֆորմացիան կստանան բնակչության պետական ռեգիստրից։
Վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ տնային տնտեսությունների միայն մեկ քառորդին այցելելը տվյալների ճշգրտության վրա չի ազդի. Հայաստանի համար 25 տոկոսը բավական մեծ թիվ է եւ սխալ պատկեր հաղորդելու վտանգ չկա։
Սա միակ փոփոխությունը չէ, այս անգամ մարդահամարը կանցկացվի էլեկտրոնային տարբերակով. հաշվարարները հարցաթերթիկները լրացնելու են ոչ թե գրիչով, այլ մուտքագրելու են պլանշետներում:
Մարդահամարին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Հայաստանում տվյալ պահին բնակվող այլ անձինք՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ են գտնվում մեր երկրում։
Հարցերին կարող է պատասխանել ընտանիքի չափահաս անդամը, որը կարող է ճշգրիտ ու սպառիչ պատասխաններ տալ։
Հարցաշարը բաղկացած է 55 հարցից, որոնցից երեքին պատասխանելը պարտադիր չէ։ Խոսքը ազգությանը, մայրենի լեզվին եւ կրոնին վերաբերող հարցերի մասին է: Մարդահամարը կավարտվի հոկտեմբերի 22-ին, սակայն նախնական տվյալները կհրապարակվեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում, վերջնական տվյալները՝ մինչեւ 2023 թվականի ավարտը։
Հաշվարարը պետք է ունենա մարդահամարի աշխատակցի վկայական ու անձը հաստատող փաստաթուղթ։
«Մինչեւ բուն հաշվառումը սկսելը, հաշվարարը նախնական շրջայց է կատարելու, ինքը բնակիչներին հարցնելու է, թե երբ է նրանց հարմար, որ ինքն այցելի, իսկ եթե տանը մարդ չլինի, հաշվարարը կթողնի թերթիկ, որտեղ նշված կլինի հեռախոսահամար, որպեսզի կապ հաստատեն իր հետ եւ պայմանավորվեն։ Եթե հաշվարարը գնա ինչ–որ մեկի տուն եւ տանը մարդ չլինի, նա հարեւաններից կարող է հարցուփորձ անել՝ բնակվում են այդ հասցեում, թե ոչ, եթե հարեւաններն ասեն, որ այդ տանը մարդ չի ապրում, հարցաթերթիկում կգրվի՝ փակ դուռ։ Իսկ եթե բնակիչը չի ուզում, որ հաշվարարն այցելի իր տուն, ապա հաշվարարը կտա տեղամասի հասցեն ու հեռախոսահամարը, որ բնակիչը գնա այդ հասցեով ու պատասխանի էլեկտրոնային հարցաթերթիկի հարցերին»,– նշեց Վարդան Գեւորգյանը։
Մարդահամարի ընթացքում վիճակագրական նպատակներով հավաքված սկզբնական տվյալները գաղտնի են ու հրապարակման ենթակա չեն։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»