Գեւորգ Ալեքսանյան․ Հայաստանի ոսկե մեդալը հետ ենք բերելու
Միջազգային ֆեդերացիան իր ցանկությամբ է բաշխում մեդալները։ Սա քաղաքականություն է եւ չնայած չեմ կարող ապացուցել, բայց նաեւ կոռուպցիա է։ Միջազգային ֆեդերացիայի պատասխան նամակը կանխատեսելի էր։
Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոցում» ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ եւ հայր Գեւորգ Ալեքսանյանը:
Օգոստոսի 12-ին Գեւորգ Ալեքսանյանը որդու եւ Հայաստանի թիմի հետ օլիմպիական մայրաքաղաքից վերադարձավ հայրենիք: Օլիմպիական մեդալակիրներին «Զվարթնոցում» դիմավորեցին մեծ շուքով:
«Միջազգային ֆեդերացիան իր ցանկությամբ է բաշխում մեդալները։ Սա քաղաքականություն է եւ չնայած չեմ կարող ապացուցել, բայց նաեւ կոռուպցիա է։
Այս բողոքարկումից հետո հաղթելու հնարավորության ամենաբարձր տոկոսն ունենք հիմա։ 99 տոկոսով մենք հաղթելու ենք այս անարդարության դեմ պայքարում։ Նախադեպը կա թե՛ Օլիմպիական խաղերում, թե՛ աշխարհի առաջնությունում, որ բողոք է ներկայացվել եւ երկու ոսկե մեդալ է տրվել։ Հայաստանի ոսկե մեդալը հետ ենք բերելու։
Միջազգային ֆեդերացիայի պատասխան նամակը կանխատեսելի էր։ Տեսե՞լ եք, որ միտումնավոր վատություն անողն ընդունի իր մեղքը։ Իրենք իրենց արածը հո չեն ընդունելու։ Նրանց գրավոր պատասխանը լրիվ սուտ է, հիմնավորումը չի համապատասխանում իրականությանը, օրենքներին։
Հաջորդը դիմելու ենք ՄՕԿ-ին։ Մենք գտել ենք երեք գոտեմարտ, որտեղ ճիշտ նույնությամբ գորգից դուրս վիճակ է եղել բողոքարկում է եղել, նույն գլխավոր մրցավարն է վերանայել եւ դրանցից երկուսում տվել ճիշտ միավոր, այլ ոչ Արթուրի դրվագի պես գորգից դուրս գտնվող մարզիկին: Սա ինչ է նշանակում, կողմնակալություն, մեր թիմի նկատմամբ հարձակում, մեր արդյունքների, քրտինքի ոչնչացում: Չի կարելի այսպես:
Ինչպես արդեն ասացի, նախադեպեր եղել են: Այսօր եթե մենք մենակ չմնանք՝ մարզիկ եւ մարզիչ, կամ ֆեդերացիա, հասնելու ենք դրական արդյունքի, ոսկե մեդալը Հայաստան վերադարձնելուն:
ՀԱՕԿ-ն արդեն բողոքարկումն արել է: Մեզանից պահանջել են տեսանյութով եւ լուսանկարով հիմնավորում: Այժմ պետք է հիմնավորենք մեր բողոքարկումը օրենքի կետերով եւ ուղարկենք նրանց: Եթե ՄՕԿ-ի կայացրած որոշումը մեզ չբավարարեց, կդիմենք սպորտային դատարան, որտեղ մեզ պետք է օգնեն սպորտային լավագույն իրավաբանները»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը: