Աշնանը դիրքավորումը ճիշտ ընտրելու ժամանակն է, դրանից կախված կլինի մեր պետության գոյության հեռանկարը
Աշնանը դիրքավորումը ճիշտ ընտրելու ժամանակն է, դրանից կախված կլինի մեր պետության գոյության հեռանկարը
ՀՀ ՊԵԿ նախկին նախարար Դավիթ Անանյանը գրում է․ «Գարեգին Նժդեհի՝ այս անգամ անհատի և պետության միջև փոխհարաբերությունների ու ճիշտ դիրքավորումների վերաբերյալ մարգարեական մտքերը խորհելու և եզրակացություններ անելու հերթական հնարավորությունն են ընձեռում յուրաքանչյուրիս։
«Առանձին անհատի ընկերային դիրքավորումը, նրա վերաբերմունքը դեպի իր պետությունը․ ահա թե ինչով է պայմանավորվում այդ վերջինի ճակատագիրը։
Հնարավոր են հետևյալ դիրքավորումները․
– Նախ՝ անհատը սիրում է իր պետությունը և այդ դեպքում անձնվիրաբար գործում, զոհաբերում, տառապում է նրա համար, որով և նպաստում է նրա հզորացմանը և պաշտպանմանը։
– Նա խորթանում է իր պետությունից, դառնում անտարբեր դեպի նրա ճակատագիրը, որով վերջինը դառնում է տկար և դյուրակործան։
– Վերջապես, նա՝ անհատը, թշնամանում է իր պետության հանդեպ և աշխատում է ի կորուստ նրա։»։
Նժդեհյան այս մտքերի վերլուծությունը, ըստ էության, բացահայտում է ինչպես անհատի և պետության հարաբերությունների, այնպես էլ դրանց՝ պետության ընդհանուր ճակատագրի վրա ազդեցության հեռանկարները:
Առաջին դիրքավորումը՝ սերը դեպի սեփական պետությունն ու ի շահ նրա գործելու պատրաստակամությունը, վկայում է հայրենասիրության բարձր մակարդակի և պետության բարօրության նկատմամբ անձնական հետաքրքրության մասին: Անհատները, ովքեր ամուր կապվածություն և սեր ունեն իրենց պետության հանդեպ, ունակ են զոհաբերության պատրաստակամություն դրսևորել և ակտիվորեն մասնակցել հասարակության կյանքին, ինչը նպաստում է ազգային անվտանգության, տնտեսական կայունության և սոցիալական համերաշխության վերականգնմանն ու ամրապնդմանը: Այս տեսակի ներգրավվածության և հավատարմության դրսևորումը կարող է դառնալ սոցիալական և քաղաքական փոխակերպումների և նորարարության շարժիչ ուժ՝ նպաստելով պետության վերածննդին, կայացմանը, զարգացմանն ու բարգավաճմանը։
Երկրորդ դիրքավորումը՝ անտարբերության և պետությունից էմոցիոնալ հեռավորություն պահպանելը, ակնհայտորեն հանգեցնում է հանրային-սոցիալական համախմբվածության թուլացման և քաղաքացիական ներգրավվածության քայքայման: Քաղաքացիների անտարբերությունը իրենց պետության ճակատագրի նկատմամբ նվազեցնում է հանրային մասնակցության և երկրի զարգացման գործում անձնական ավանդի ներդրման մակարդակը՝ պետությանը զրկելով արժեքավոր ռեսուրսից՝ ի դեմս իր կյանքում քաղաքացիների ակտիվ մասնակցության։ Երկարաժամկետ հեռանկարում դա անխուսափելիորեն հանգեցնում է պետության դիմադրողականության անկման, հետևաբար՝ կործանման։
Երրորդ դիրքավորումը՝ պետության նկատմամբ թշնամանքը և նրան վնասելու գործողություններ կատարելը, սկզբունքորեն տարբերվում է առաջին երկուսից նրանով, որ այն ներառում է ակտիվ գործողություններ՝ ընդդեմ պետության շահերի։ Թշնամությունը սեփական պետության նկատմամբ կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, ներառյալ՝ դժգոհությունը իշխանություններից կամ սոցիալական ու տնտեսական պայմաններից: Պետությանը վնասելուն ուղղված գործողությունները կարող են հանգեցնել հասարակական կարգի տապալման, տնտեսական կոլապսի և ազգային անվտանգության սպառնալիքի, հետևաբար՝ պետության կործանման։
Վերոհիշյալ դիրքավորումների վերլուծությունն ակնհայտորեն ընդգծում է, թե որքան կարևոր է անհատի և պետության փոխազդեցությունը՝ վերջինիս ճակատագրի համար։ Հայրենասիրությունը և ակտիվ մասնակցությունը երկրի կյանքին կարող են նպաստել նրա հզորացմանն ու զարգացմանը, իսկ շահագրգռվածության պակասը և թշնամանքը կարող են առաջացնել սոցիալական և քաղաքական ճգնաժամ ու արհավիրք։
Հետևությունը մեկն է․ մոտենում է աշունը, մոտենում են յուրաքանչյուրիս դիրքավորման ճիշտ ընտրության ժամանակները, որոնցից էլ կախված են լինելու մեր այս պետության գոյության հանգամանքն ու հեռանկարը»։