Եթե ես սեր չունենամ
Տանջանքի տուն Եգիպտոսից նոր-նոր դուրս եկած և դեպի Ավետյաց երկիր շարժվող Իսրայելի ժողովրդին Տիրոջ պատվիրանները փոխանցելիս՝ Մովսես մարգարեն այս ամենը, կարծես, ամփոփում է ընդամենը մեկ պատգամի մեջ: Պատգամ, որը դարեր ի վեր եղել է դեպի Աստված տանող ճանապարհի առաջին, պարզ ու գլխավոր ուղենիշը և որ է.
«Լսի՛ր Իսրայել, Տերը՝ մեր Աստված, մեկ Տեր է, և դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ» (Երկրորդ Օրենք 6.4-5): Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, Օրենքի ուսուցչից լսելով նրա իսկ կողմից բարձրացված ու նրա իսկ կողմից տրված հարցի պատասխանը (տե՛ս Ղուկաս 10.25-27), ասում է. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա՛ և կփրկվես» (Ղուկաս 10.28): Իսկ Սրբազան ավանդության կողմից Ղուկասի Ավետարանի 10.28 (հմմտ. Երկրորդ Օրենք 6.4-5) համարն անվանվում է «Մեծ պատվիրան»:
Վերոնշյալ երկու սուրբգրային տեղիներում «պիտի սիրես» արտահայտությամբ ընդգծվում է Աստծու հանդեպ մարդու ունեցած թերևս միակ ու գլխավոր պարտավորությունը: Իսկ հեթանոսների առաքյալ Պողոսն էլ իր` կորնթացիներին ուղղված առաջին նամակում երկար ու հանգամանալից խոսում է սիրո մասին ու ասում.
«Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա: …. Սերը երբեք չի անհետանում. թե մարգարեություններ են, պիտի չքանան. թե լեզուներ՝ պիտի լռեն. թե գիտություն՝ պիտի անցնի» (Ա Կորնթացիներ 13.1-8), իսկ վերջում ոսկե տառերով սեպագրում է. «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթացիներ 13.13):
Այս ամենի դիտարկումից անխուսափելիորեն մի քանի հարցեր են առաջանում. ինչո՞ւ է մարդու ունեցած միակ ու գլխավոր պարտավորությունը հենց սերն Աստծու հանդեպ, ինչո՞ւ է սիրելը «Մեծ պատվիրան», ինչո՞ւ է սերն ավելի մեծ, քան մյուս առաքինությունները, ինչո՞ւ սերը երբեք չի անհետանում կամ հավիտենական է, և վերջապես ինչո՞ւ է առաքյալը հատկապես շեշտում. «Եթե սեր չունենամ, ոչինչ եմ»: Այս բազմապիսի ու դժվարին հարցերի պատասխաններն անհրաժեշտ է փնտրել միայն ու միայն Սուրբ Գրքի շրջանակում:
Իզուր չէ, որ հենց Հովհաննես աստվածաբան-ավետարանիչ առաքյալն է ստացել «Սիրո առաքյալ» պատվանունը, քանզի հենց նա է իր Առաջին ընդհանրական թղթում վերջնական ու անգերազանցելի պատասխան տալիս այս խրթին հարցերին՝ ասելով. «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4.8): Հովհաննեսի այս փոքրիկ արտահայտությունը մի մեծ լույս է սփռում վերոբերյալ հարցերի վրա` ամրագրելով, որ նախ Սիրո հետ շփվում են միայն սիրո միջոցով, ապա՝ սիրելով մենք նմանվում ենք Աստծուն, այնուհետև՝ Աստված հավիտենական է, ուստի հավիտենական է նաև սերը, և վերջապես՝ առանց Սեր-Աստծուն մեր մեջ ունենալու՝ մենք ոչինչ ենք և ոչինչ չենք կարող անել: Ահա՛, այս է Սերը, և միայն այս ճանապարհով է հնարավոր հասնել Բարձրագույն Սիրո շնորհած փրկությանն ու հավիտենական կյանքին:
Պատրաստեց՝ Հրաչ ՍՈՒԼԹԱՆՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա