«Հաց բերողի» մահը նրան 2 անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.
«Սասնա ծռեր» զինված խումբն, ըստ նախաքննության նյութերի, հարձակվել է ոստիկանական գնդի վրա, սպանել է ոստիկաններին, պատանդներ է պահել, այրել է մեքենաներ, թալանել է տարածքում առկա բանկոմատը: Այսինքն՝ ենթադրաբար, կատարել է մի շարք ծանր հանցագործություններ:
Ոստիկանությունը պե՞տք է շրջափակման մեջ վերցներ այդ տարածքը: Ինձ թվում է` պարտավոր էր: Պե՞տք է հետ մղեր ցուցարարների եւ նրանց առաջնորդող քաղաքական գործիչների հարձակումները, որոնց նպատակն էր ճեղքել ոստիկանների օղակը եւ «միանալ տղերքին»: Նույնպես պարտավոր էր:
Արդյոք ոստիկանությունը Խորենացի փողոցում եւ Սարի թաղում գործում էր պրոֆեսիոնալ եւ օրենքի շրջանակներում: Ոչ, ոստիկանները գործում էին փնթի, հաճախ անհամաչափ եւ ապօրինի, ինչի մասին շատ մանրամասն գրված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում: Սակայն ոստիկանության աշխատանքի թերությունները չեն չեզոքացնում «Սասնա ծռերի» կատարած ենթադրյալ հանցագործությունը: (Կրկնում եմ՝ «ենթադրյալ» բառը, քանի որ, ինչպես հայտնի է, մարդկանց կարող է հանցագործ անվանել միայն դատարանը):
Արդյոք վտանգ ներկայացնող օջախը շրջափակած ոստիկանները պարտավոր էին զինված խմբին ամեն օր «Դոլմամայից» ուտեստներ բերել: Կարծում եմ` ոչ: Ոստիկանները պարտավոր էին որոշակի մակարդակում պահպանել խմբի անդամների եւ հատկապես պատանդների կենսունակությունը, ինչը եւ արվում էր՝ դատելով նրանից, որ մինչեւ «հաց բերելը» ոչ ոք սովից չմահացավ:
Արթուր Սարգսյանը, հաց բերելու նպատակով, ինչ-որ կերպ ճեղքեց շրջափակող ոստիկանական օղակը, այսինքն՝ ենթադրաբար, նույնպես խախտեց օրենքը: Արդյոք պարտադի՞ր էր որպես Արթուրի խափանման միջոց ընտրել կալանքը: Ինձ թվում է` ոչ, նա որեւէ ձեւով չէր կարող խոչընդոտել քննությանը: Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է:
Արթուրի խիզախությունը, բարությունը, ազնվությունը արժանի են գովասանքի: Բայց հերոսացնել անօրինական վարքը, դարձնել այն չափանիշ, հյուսել դրա շուրջը լեգենդներ՝ դա նշանակում է այլ օրինակներ, այլ հերոսներ, եթե ուզեք՝ այլ առասպելաբանություն չունենալ:
Հերոսն, իմ կարծիքով, նա է, ով պետության կողմից տրված զենքով կանգնած է իր պետության սահմանի առաջնագծում, ոչ թե նա, ով քշում է իր մեքենան զինված խումբը շրջափակող ոստիկանական շղթայի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս