Նախարար Լավրովը խոսում է գերիների մասին, այլ ոչ թե մարդասպանների ու ահաբեկիչների
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բարձրաձայնել է բարձրագույն աստիճանի մարդասիրական մոտեցում զինված հակամարտությունների գոտիներում գերիների հարցում: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
«Սերգեյ Վիկտորովիչի հայտարարությունը պետք է դիտարկել երկու ասպեկտով: Առաջինը եւ ամենագլխավորը՝ ռուսաստանցի նախարարը բարձրաձայնել է բացարձակապես մարդասիրական մոտեցում՝ բոլոր գերիները եւ պատանդները պետք է վերադարձվեն ու ազատվեն: Սրա հետ, իհարկե, կարելի է եւ պետք է համաձայնվել: Բայց հարցն ունի նաեւ մյուս կողմը՝ այն, ինչ փորձում են վերագրել նախարար Լավրովին: Չեմ կարծում, որ պարոն Լավրովը գերիների մասին խոսելիս նկատի է ունեցել մարդասպաններին եւ ահաբեկիչներին: Պաշտոնական Ստեփանակերտը երկար տարիներ գործնականում հանդես է եկել անմեղ մարդկանց ազատելու օգտին, որոնք պատահաբար հատել են սահմանը եւ հայտնվել հակառակորդի տարածքում: Խոսքը հանցագործություններ, առավել եւս ծանր հանցագործություններ չկատարած մարդկանց մասին է: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ժամանակին Ադրբեջանում են եղել մեծ թվով հայ գերիներ: Ադրբեջանական կողմը կտրականապես հերքել է այս փաստերը: Հայերին «գրանցում» էին որպես ադրբեջանցիներ, նրանց այլ անուններ տալիս, օգտագործում էին որպես ստրուկներ, վերցնում էին նրանց օրգանները: Քանի որ այս մարդկանց անունները փոխված էին, միջազգային կազմակերպությունները ի վիճակի չէին վերահսկել նրանց ճակատագիրը:
Հարցը միանգամայն այլ է հանցագործների դեպքում, որոնց մեղքն ապացուցված է հրապարակային դատավարությամբ՝ միջազգային դիտորդների, լրագրողների, իրավապաշտպանների մասնակցությամբ: Հանցագործներ, որոնք դատապարտվել են դատական երեք ատյաններով, այլ ոչ թե դաշտային դատարանով: Ես բացարաձակապես համոզված եմ, որ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչ, բարձրակարգ դիվանագետ պարոն Լավրովը նկատի չի ունեցել հանցագործներին, որոնց ձեռքերը թաթախված են անչափահաս երեխայի արյան մեջ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:
Բաբայանը, միաժամանակ, հիշեցրեց, որ ինչպես հետեւում է փորձից, սպանություն եւ ահաբեկչական գործողություններ կատարած անձանց վերադարձնելու դեպքում հայրենիքում անհապաղ կհերոսացնեն: «Այսինքն՝ վստահության մթնոլորտ ստեղծելու իմաստով արդյունքը մի քանի անգամ վատ կստացվի: Ադրբեջանական հանրությանը կներարկվի թույնի վիթխարի չափաքանակ»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Ընդգծելով, որ հանցագործները պետք է արժանի պատիժ կրեն՝ Բաբայանը դրա հետ մեկտեղ հիշեցրեց, որ Ադրբեջանի քաղաքացի երկու դատապարտյալները ԿԽՄԿ ներկայացուցիչների մշտական հսկողության ներքո են, ազգականների հետ կապ պահպանելու հնարավորություն ունեն, ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մարդասիրական մոտեցման վկայությունն է նաեւ այն, որ որոնելիս հանցագործներին չեն չեզոքացրել, իսկ եւս մի ադրբեջանցի զինվորական, որի խղճի վրա ծանր հանցագործություն չի ծանրացած, պատժամկետը կրել է եւ ազատվել:
Հիշեցնենք, որ Բաքուն համառորեն փորձում է հասնել երկու ահաբեկիչներ Ասկերովի եւ Գուլիեւի ազատմանը, որոնք դատապարտվել են ԼՂՀ Քարվաճառի շրջանում կատարած սպանության համար: Ադրբեջանի քաղաքացի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն ազատվել է, սակայն չի ցանկացել հայրենիք վերադառնալ: Ադրբեջանի եւս մի քաղաքացի՝ քաղաքացիական անձ Էլվին Իբրահիմովը Հայաստանի տարածքում է:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը