Ինչպիսին են Հայաստանում տնային տնտեսությունների սպառողական ծախսերը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից երևում է, որ Հայաստանում 2024 թվականին տնային տնտեսությունների սպառողական ծախսերի 43.5 տոկոսը բաժին է ընկել սննդամթերքին՝ առանց ալկոհոլային խմիչքների։ Միաժամանակ, մեկ շնչի հաշվով միջին ամսական սպառողական ծախսը կազմել է 60 հազար 941 դրամ։
Որտե՞ղ են ծախսվում տնային տնտեսությունների գումարները
2024 թվականին մեկ շնչի հաշվով միջին ամսական սպառողական ծախսերի ամենամեծ մասը բաժին է ընկել գնված սննդամթերքին՝ 22 հազար 361 դրամ, և ծառայություններին՝ 18 հազար 925 դրամ։ Ոչ պարենային ապրանքների վրա մեկ անձի հաշվով ամսական միջին ծախսը կազմել է 12 հազար 560 դրամ, ծխախոտի վրա՝ 2 հազար 680 դրամ, հանրային սննդի վրա՝ հազար 709 դրամ, իսկ ալկոհոլային խմիչքների վրա՝ 250 դրամ։
Առանձին հաշվարկով՝ չգնված սննդամթերքի, այսինքն՝ տնային տնտեսությունում արտադրված կամ այլ եղանակով ստացված սննդի վրա մեկ անձի հաշվով ամսական ծախսը կազմել է 2 հազար 456 դրամ։ Սպառողական ծախսերի կառուցվածքում գնված սննդամթերքին բաժին է ընկել 36.7 տոկոսը, ոչ պարենային ապրանքներին՝ 20.6 տոկոսը, ծառայություններին՝ 31.1 տոկոսը։ Չգնված սննդամթերքի մասնաբաժինը կազմել է 4 տոկոս, ծխախոտինը՝ 4.4 տոկոս, հանրային սննդինը՝ 2.8 տոկոս, իսկ ալկոհոլային խմիչքներինը՝ 0.4 տոկոս։
Միևնույն ժամանակ, եթե սննդամթերքի վրա կատարված ծախսերին ավելացնենք նաև չգնված սննդի և հանրային սննդի ծախսերը, սննդի հետ կապված ծախսերի մասնաբաժինը ավելի մեծ է։
Սննդի վրա ծախսերի մասնաբաժինը աճել է
Եթե 2024 թվականին սննդամթերքի վրա կատարված ծախսերի մասնաբաժինը, առանց ալկոհոլային խմիչքների, կազմել է 43.5 տոկոս, ապա 2023 թվականին այդ ցուցանիշը 42.9 տոկոս էր, 2022-ին՝ 46.5 տոկոս, իսկ 2021-ին՝ 47.1 տոկոս։ Այսպիսով, 2024 թվականին սննդի մասնաբաժինը նախորդ տարվա համեմատ աճել է 0.6 տոկոսային կետով։
Երևանում մեկ շնչի հաշվով ծախսերն ավելի բարձր են
Տնային տնտեսությունների սպառողական ծախսերը զգալիորեն տարբերվում են նաև ըստ բնակության վայրի։ Այսպես՝ 2024 թվականին Երևանում մեկ շնչի հաշվով միջին ամսական սպառողական ծախսը կազմել է 73 հազար 702 դրամ՝ հանրապետական միջին 60 հազար 941 դրամի դիմաց։
Մարզերից ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արարատում՝ 59 հազար 583 դրամ, Սյունիքում՝ 57 հազար 269 դրամ, Արմավիրում՝ 54 հազար 911 դրամ և Կոտայքում՝ 54 հազար 168 դրամ։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Տավուշում՝ 45 հազար 236 դրամ, իսկ Շիրակում՝ 46 հազար 386 դրամ։
Այսպիսով, 2024 թվականին Երևանում մեկ շնչի հաշվով միջին ամսական սպառողական ծախսը մոտ 1.6 անգամ գերազանցել է մարզերից օրինակ՝ Տավուշի ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնային տնտեսությունների սպառողական ծախսերի զգալի մասը բաժին է ընկնում սննդին, իսկ ծախսերի չափը էապես տարբերվում է ըստ բնակության վայրի։
Արմեն Խեչումյան


















































Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
ՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները