Նալբանդյանն ու Մամեդյարովը սկզբունքորեն համաձայնել են
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Կրակովում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով: Հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները հունվարի 18-ին համատեղ հանդիպում են անցկացրել երկու արտգործնախարարների հետ:
Նախարարները և համանախագահները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը նպաստելու համար անհրաժեշտ քայլերը: Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնումն իրականացնելու հարցով համանախագահների վերանայված հայեցակարգային փաստաթղթին՝ այն հնարավորինս շուտ ավարտին հասցնելու մտադրությամբ:
«Հանդիպման ընթացքում կողմերը և համանախագահները կարծիքներ են փոխանակել այժմ բանակցային սեղանին առկա աշխատանքային առաջարկներում հիմնական զգայուն հարցերի վերաբերյալ: Համանախագահները նաև կոչ են արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար՝ որպես կարևոր ներդրում բանակցային գործընթացում: Նախարարները և համանախագահները փաստել են շփման գծում հարաբերական անդորրի մասին, համանախագահները կոչ են արել կողմերին ամրապնդել այդ դրական միտումը»,- ասված է հայտարարությունում:
Համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել փետրվարի սկզբին:
Հիշեցնենք, որ երեկ Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Նալբանդյանը կոչ է արել Ադրբեջանի իր գործընկերոջը հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերն անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում