Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
Ուղերձում ասվում է․
«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ վերահաստատելով մարդու արժանապատվության ու հիմնարար իրավունքների գերակայությունը։
Անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։
Սա մարդկության պատմության ամենածանր հանցագործություններից էր, որն ուղեկցվեց կյանքի իրավունքի զանգվածային խախտումներով, բռնի տեղահանություններով և խոշտանգումներով։
Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում։
Այս օրը ևս մեկ հիշեցում է, որ նման հանցագործությունների կանխարգելումը պետությունների և միջազգային հանրության կարևորագույն պարտականությունն է, իսկ նման արարքների համար պատժելիությունը` կանխարգելման կարևորագույն գործիք։
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ։
Այսօրվա աշխարհում էլ իրականություն են էթնիկ հիմքով ատելության տարատեսակ դրսևորումները։ Դրանք պարարտ հող են ձևավորում ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, ուստի պետք է արժանանան պատշաճ հակազդեցության։
Մարդու իրավունքների հարգումը, իրավունքի գերակայության երաշխավորումը և խտրականության բոլոր ձևերի բացառումը պետք է լինեն յուրաքանչյուր հասարակության հիմնասյուները, իսկ մեր ջանքերը պետք է մեկտեղված լինեն ատելության խոսքի, ատելության շարժառիթով կատարվող հանցագործությունների, անհանդուրժողականության և խտրականության բոլոր դրսևորումների կանխարգելման գործում։
Հայոց ցեղասպանության տարելիցը ևս մեկ հիշեցում է, որ պետք է լինենք առավել համախմբված՝ պաշտպանելու յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը՝ անկախ ազգային կամ էթնիկ պատկանելությունից, կրոնական համոզմունքներից կամ ցանկացած այլ հանգամանքից։
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի վկայություն է, այլև ներկայի ու ապագայի հանդեպ պատասխանատվություն՝ նման հանցագործությունները կանխելու, ինչպես նաև արդար, իրավահավասար և մարդակենտրոն հասարակություն կառուցելու հարցում»։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ