Գերմանիայի դեսպան. ԵՄ-Հայաստան պայմանագիրը նոր էջ է բացում Հայաստանի արդիականացման ճանապարհին
Գերմանիան ԵՄ այն անդամներից է, որը միշտ սատարել է Արեւելյան գործընկերության ծրագիրը: NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ, որի ընթացքում խոսեցինք, ինչպես ԵՄ-Հայաստան, այնպես էլ, Գերմանիա-Հայաստան հարաբերությունների մասին:
ԵՄ–Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումն ինչպե՞ս կազդի Հայաստան-Գերմանիա հարաբերությունների վրա։ Դուք անձամբ ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում։
Նոյեմբերի 24-ն իսկապես շատ կարեւոր օր էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների պատմության մեջ, հարաբերություններ, որոնք հաստատված են ոչ միայն Բրյուսելի հետ, այլեւ ենթադրում են առանձին-առանձին հարաբերություններ Հայաստանի և ԵՄ բոլոր անդամ երկրների միջեւ: Թե ԵՄ-ն, թե Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը վերջին 25 տարիներին ակտիվորեն մասնակցել եւ աջակցել են Հայաստանին անցումային բարեփոխումների կամ գործընթացների ճանապարհին, եւ այս նոր ավելի համապարփակ գործընկերության մեկնարկով նոր էջ է բացվում, որը հնարավորություն կտա հետագա եւ ավելի ուժեղ արդիականացման ճանապարհին աջակցելու Հայաստանին:
Ես համոզված եմ, որ միայն բարեփոխումները եւ համապարփակ արդիականացումն են, որ կարող են հնարավորություն տալ Հայաստանին կայունորեն զարգանալու։ Եւ այս հարցում թե Գերմանիան առանձին, թե ԵՄ անդամ պետությունների հետ, թե Եվրամիությունն ինքը որպես ամբողջականություն, կարծում եմ՝ Հայաստանին տալիս են լավագույն առաջարկները: Մենք շահագրգիռ ենք, սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Արեւելյան գործընկերության մյուս պետություններին, որ այս երկրներում մարդիկ ավելի բարեկեցիկ ապրեն: Ես կարծում եմ՝ թեեւ այս համաձայնագիրը միայն շրջանակային համաձայնագիր է, բայց եթե կյանքով լցվի, այսինքն շունչ հաղորդվի այս համաձայնագրին, կարող ենք ակնկալել փոխշահավետ համագործակցություն: Ինչ վերաբերում է գերմանա-հայկական երկկողմ հարաբերություններին, ապա, կարծում եմ, այս համաձայնագրի ստորագրումն ազդանշան է, որ, այո՛, Հայաստանը գտնվում է արդիականացման փուլում, եւ սա կարեւոր ազդանշան կարող է հանդիսանալ ներդրողների համար: Այժմ կարեւոր փուլն այն է, որ այս համաձայնագիրը վավերացվի ՀՀ Ազգային ժողովի կողմից եւ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների կողմից: Իմ տեղեկությամբ, ստեղծվելու է մի գործակալություն կամ, այսպես կոչված, աշխատանքային խումբ, որը պետք է համակարգի եւ ի մի բերի բոլոր նախարարություններում գտնվող առաջարկներն ու մոտեցումները, որ ստեղծվի միասնական գործողությունների պլան այս համաձայնագիրը շուտափույթ կյանքի կոչելու ուղղությամբ:
Ինչպե՞ս եք տեսնում Արեւելյան գործընկերության ապագան՝ հաշվի առնելով եվրասկեպտիկ տրամադրությունների աճը, Brexit-ի ու միգրացիոն ճգնաժամի ֆոնին։
Բրյուսելում վերջերս ընդունվեց Արեւելյան գործընկերության հետագա անելիքների վերաբերյալ հռչակագիր։ ։ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովը շատ կարեւոր իրադարձություն էր, որի ժամանակ ստեղծվեցին 20 փաթեթները, որոնք միտված են Արեւելյան գործընկերությունն էլ ավելի խորացնելուն: Բայց, ինչպես տեսնում ենք, գոյություն ունեն 6 տարբեր գործընկերություններ, այսինքն վեց տարբեր պետություններ, եւ Արեւելյան գործընկերությունը պետք է հաշվի առնի եւ գործածի վեց մոդելներ՝ հաշվի առնելով այս կամ այն երկրի առանձնահատկությունները: Դուք ձեր հարցի մեջ հիշատակեցիք այն մարտահրավերները, որոնք ծառացած են ԵՄ-ի առաջ՝ Brexit, միգրացիոն ճգնաժամ, եվրասկեպտիցիզմ, բայց պետք է ասել, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ազդանշան հաղորդվեց, որ ԵՄ-ն նախկինի պես հետամուտ է լինելու Արեւելյան գործընկերության ամրապնդմանն ու խորացմանը, եւ ԵՄ-ն վարում է միասնական քաղաքականություն Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Եվրոպական շուկայում իր ներկայությունն ակտիվացնելու համար Հայաստանը ի՞նչ պոտենցիալ ունի։ Ի՞նչն է խանգարում իրացնել այդ պոտենցիալը։
Իրականում Հայաստանի առեւտրի բալանսը բացասական է, քանի որ ավելի շատ ներկրող երկիր է, քան արտահանող, ինչը կարելի է կապել համակարգային խնդիրների հետ: Երկու մոտեցում կարող է լինել՝ եթե դու ավելացնես քո արտահանման ծավալները, մյուսը՝ եթե կրճատես քո ներկրման ծավալները: Ինչ վերաբերում է արտահանման աճի ավելացմանը, նոր ստորագրված համաձայնագրում կան հնարավորություններ, որոնք ավելի են դյուրացնում Հայաստանից ապրանքների արտահանումը եվրոպական երկրներ: Ինչ վերաբերվում է ներկրման ծավալների կրճատմանը որպես մոտեցում, ապա ես այդ բնագավառում տեսնում եմ մեծ ներուժ, որ ունի Հայաստանը՝ կազմակերպելու իր տնտեսությունն այնպես, որ լինի սեփական արտադրանքի կամ վերամշակվող արտադրանքի աճ։ Այս տեսանկյունից Հայաստանի ներուժը մեծ է: Այստեղ շրջանը նորից փակվում է կամ գալիս է իր տրամաբանական ավարտին, այն է՝ արդիականացման գործընթացները պետք է տան իրենց արդյունքն այն տեսակետից, որ ձեռնարկատերերը շահագրգռված լինեն ներդրումներ կատարելու, եւ որբնակչությունը կարողանա զգալ դրանից բխող օգուտը: Ես մեծ առաջընթաց եմ տեսնում սպասարկման ոլորտում, այստեղ Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց, հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Վերջին տարվա մեջ հատկապես մենք արձանագրում ենք զբոսաշրջիկների մեծ հոսք ոչ միայն ավանդաբար Հայաստանով հետաքրքրվող երկրներից, ինչպես Ռուսաստանից, Իրանից, այլ նաևեւ ԵՄ երկրներից, ինչը խոսում է Հայաստանում զբոսաշրջության մեծ ներուժի առկայության մասին:
Ի՞նչ ապրանքաշրջանառություն է գրանցվել այս տարի Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ։
Առեւտրային շրջանառությունն անցած տարվա կտրվածքով կազմել է մոտ 300 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է արտահանումն ու ներմուծումը։ Առաջին հայացքից թվում է՝ մենք լավ բարձր ցուցանիշների հետ գործ ունենք, բայց իրականում գերմանական տնտեսական չափանիշներով այս թիվը բավականին ցածր է, ինչը կրկին խոսում է այն մասին, որ պետք է զարգացնել առեւտրաշրջանառությունը մեր երկրների միջեւ: Անցյալ տարվա ապրիլից ՀՀ-ում արդեն գործում է «Գերմանական տնտեսական միավորում» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել ինչպես հայ, այնպես էլ գերմանացի գործարար շրջանակներին՝ գործարար կապեր հաստատելու։ Այս տարվա հունիսին շատ կարեւոր այց ունեցանք Հայաստան, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների խումբ եկավ Հայաստան:
Հայաստանում ո՞ր ոլորտներում են արվում գերմանական ներդրումները։ Եւ ի՞նչ նոր գերմանական կազմակերպություններ են հայտնվել վերջերս Հայաստանում։
Միակ մեծ խոշոր ներդրումը գերմանական կողմից Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում է դեռեւս, մնացած ոլորտներում ներդրումներն արվել են անցյալ տարիներին, հիմնականում ՏՏ ոլորտում։ Մի քանի գերմանական ընկերություններ իրենց դուստր ընկերություններն են հիմնել այս ոլորտում Հայաստանում եւ բավականին արդյունավետ գործում են: Կան գերմանական ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արեւային էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելով, ներկայումս նրանք զբաղվում են այդ գործունեության համար արտոնագիր ստանալու ուղղությամբ: Հատկապես խոշոր գերմանական ընկերություններին հետաքրքրում է էներգետիկ ոլորտը:
Հումանիտար ոլորտում ի՞նչ առաջընթաց է գրանցվել Հայաստանի եւ Գերմանիայի համագործակցության ոլորտում։ Հայաստանում օրերս բացվել է Գյոթեի կենտրոնը: Ի՞նչպես այս կենտրոնի բացումը կազդի համագործակցության խորացման վրա:
Գերմանիան մշակութային առումով բավականին լավ ներկայացված է Հայաստանում։ Տարիներ ի վեր գործում է DAAD-ն՝ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը: Գերմանիան գործուղում է գերմանացի ուսուցիչների, որոնք խորացնում են գերմաներենի դասավանդումը հայկական դպրոցներում: Դուք քաջատեղյակ եք, որ անցյալ շաբաթ Երեւանում բացվեց Գյոթե կենտրոնը, որի բացմանը ներկա էին ՀՀ արտգործնախարարը, կրթության եւ գիտության նախարարը, Գյոթե ինստիտուտի Մյունխենի կենտրոկայանից Հայաստան էր ժամանել Գյոթե ինստիտուտի նախագահը: Սա ազդանշան է՝ եւս մեկ անգամ հաստատելու մեր մշակութային եւ կրթական հարաբերությունների բարձր մակարդակը , և այն երկար սպասված իրադարձություն էր մեզ բոլորիս համար: Նախքան Գյոթե կենտրոնի բացումը Հայաստանում մենք արդեն իսկ իրականացրել ենք թեկուզ հենց այս տարվա կտրվածքով բազմաթիվ մշակութային եւ կրթական միջոցառումներ, հյուրընկալել ենք երաժիշտների Գերմանիայից, տեղի են ունեցել ֆիլմերի ցուցադրություններ՝: Գյոթե ինստիտուտն իր մասնակցությունն ու աջակցությունն է ունեցել Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնին, «Հայֆեստ» փառատոնին և այլ միջոցառումբերի։ Պետք է ասել, սակայն, որ Գյոթե կենտրոնի բացմամբ ունենում ենք մշակութային հարաբերությունների մի նոր ձևաչափ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ